Ռուբինյաններ

Հայոց պատմությունը շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 տարի անց հայրենիքի սահմաններից անդին` Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար… Կիլիկիայում հայերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի վերջին թուլակամ թագակիրը՝ Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց ամոթալի գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել: Սակայն, ցավոք, նրանց մահից հետո այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում՝ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերի շուրջը, ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով ջարդ տվեց ոսոխին: Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում: Հերոսը մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը (1095-1100), որ կարճ կառավարեց, սակայն իրեն փառավորեց մեծամեծ գործերով: Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և 1098 թ. այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը դաշինք կնքեց խաչակիրների հետ և նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Խաչակիրները Կոստանդինին շնորհեցին մարկիզի և դուքսի կոչումներ: 1100 թ. Կոստանդին Առաջինը մահացավ՝ իր որդուն՝ Թորոսին (1100-1129) ավանդելով հզոր իշխանապետությունը: Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում: 1104 թ., ջախջախելով բյուզանդական զորքերը, նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, իսկ 1107 թ. Քեսունի իշխանության տիրակալի՝ Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: Կիլիկիայի հզոր իշխանապետը սուր ճոճեց նաև հանուն պատվի, 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային՝ մետաղալարով խեղդամահ անելով և դին կախելով պարսպից: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը: Զորեղ իշխանի մահից հետո նրա դին ամփոփվեց Դրազարկում: Թորոս Առաջինը արու զավակ չուներ, և Կիլիկիո իշխանական գահը ժառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը (1129-1137): Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայոց համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Լևոնը դաշինք կապեց Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի կոմսության հետ, որտեղ կառավարիչն իր քրոջ որդին էր՝ Ջոսլինը: Վերջինիս հետ ջախջախեց Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության զորքերը՝ ամրապնդելով իր իշխանության սահմանները հարավից: 1135 թ. նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը: Օգտվելով առիթից՝ Կիլիկիայի հյուսիսային շրջանները բռնագրավեցին Իկոնիայի սուլթանության զորքերը: Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ (1145-1169): 1151 թ. Թորոսի տիրույթների վրա մեծաքանակ զորքով արշավեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսը: Մամեստիայի ճակատամարտում Թորոսը գիշերային անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց բյուզանդական զորքերը: Հազարավոր զոհեր ու գերիներ տալով՝ բյուզանդական բանակը նահանջեց, իսկ Թորոսն ավելի ամրացրեց իր դիրքերը Դաշտային Կիլիկիայում: Նա ջարդեց նաև սելջուկների և Իկոնիայի սուլթանության զորքերը և ամրապնդեց հայոց իշխանությունը: 1162 թ. Թորոսը դարձյալ ստիպված էր կռվել Բյուզանդիայի դեմ Դաշտային Կիլիկիայի համար: Հայոց զորեղ իշխանը դարձյալ հաղթող դուրս եկավ և վերջնականապես վտարեց բյուզանդացիներին Կիլիկիո սահմաններից: 1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Մլեհը Ռուբեն Երկրորդին աքսորեց Հռոմկլա՝ կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ, ուր պատանին մահացավ: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին: Նա նախ ճնշեց կենտրոնախույս ուժերին, ապա եկեղեցուն՝ հօգուտ պետության բռնագանձելով վանքերում կուտակված հսկայական հարստությունները: Դաշնակցելով շրջակա մահմեդական իշխանավորների, հիմնականում՝ Նուր ադ-Դինի հետ՝ նա ջախջախեց Կիլիկիային սպառնացող բյուզանդական և խաչակիրների զորքերը: Մլեհը զորեղ գահակալ էր և ընդլայնելով հայկական իշխանության սահմանները՝ Կիլիկիան թագավորություն հռչակելու առաջին քայլերը ձեռնարկեց: Մլեհի գործունեությունից դժգոհ էր հատկապես Հայ առաքելական եկեղեցին, քանզի նա, դաշնակցելով իսլամական պետությունների հետ, իր սուրն ուղղում էր քրիստոնյա երկրների դեմ: 1175 թ. այս զորեղ ու հայրենասեր իշխանը սպանվեց պալատական դավադրության հետևանքով: Մլեհն անժառանգ մահացավ, և գահն անցավ նրա Ստեփանե եղբոր որդուն՝ Ռուբեն Երրորդին (1175-1187), որ Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում օծվեց որպես հայոց մեծ իշխան: Օգտվելով Մլեհի մահից՝ բյուզանդացիներն ակտիվացան և Ռուբեն Երրորդից խլեցին Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և Մամեստիա քաղաքները: Հավաքելով ուժերը՝ Ռուբենն իր եղբայր Լևոնի հետ հակահարված հասցրեց Բյուզանդիային և վերագրավեց կորցրածը: 1180 թ. հայկական բանակը Բյուզանդիային հասցրեց վերջին վճռական հարվածն ու վերջնականապես դուրս շպրտեց Կիլիկիայի սահմաններից: Ռուբեն Երրորդը բարեկամական հարաբերություններ հաստատեց Երուսաղեմի թագավորության հետ՝ ամուսնանալով թագավորի ազգականուհի Իզաբելի հետ: Շուտով, սակայն, Հեթում Հեթումյան իշխանի դավադիր գործակցությամբ, Կիլիկիայի դեմ ոտնձգություններ սկսեց Անտիոքի դքսությունը: Անտիոքի դուքս Բոհեմունդը խաբեությամբ կալանավորեց Ռուբենին և որպես փրկագին նրանից պահանջեց հարկ և Կիլիկիո հարավարևելյան շրջանները: Ռուբենի եղբայրը՝ հայոց սպարապետ Լևոնը, փրկագնեց հայոց իշխանին, ապա Թիլ-Համտունի ճակատամարտում գլխովին ջախջախելով Անտիոքի դքսության զորքերը՝ ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև կախման մեջ գցեց ոսոխին՝ նրա հյուսիսային շատ ամրոցներ ու հողեր միացնելով Կիլիկիայի հայկական իշխանությանը: Այս դեպքերից հետո Ռուբեն Երրորդը հրաժարվեց իշխանությունից և որպես կրոնավոր մտավ Դրազարկի վանք, որտեղ էլ կնքեց մահկանացուն: Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային: Լևոն Բ պայմանավորվածություն ձեռք բերեց Երկրորդ խաչակրաց արշավանքների ղեկավարի՝ Գերմանիայի Ֆրիդրիխ Բարբարոսա կայսեր հետ, համաձայն որի՝ հայոց իշխանն աջակցում է խաչակիրներին, իսկ վերջիններս Կիլիկիայի պետությունը ճանաչում են թագավորություն՝ Լևոնին թագ ուղարկելով: Ի դեպ, այս պայմանավորվածության դեմ հանդես եկավ հայոց կաթողիկոսը, որ արաբական աղբյուրների հավաստմամբ՝ հայոց բանակի և խաչակիրների շարժի մասին գաղտնի տեղեկացնում էր մահմեդականներին: Հայոց զորեղ իշխանը դիմակայեց Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի զորքերին: Սալահ ադ-Դինի արշավանքը տապալվեց, քանզի վճռական ճակատամարտի նախօրեին նա հանկարծամահ եղավ: Իսկ հայոց իշխանը արշավեց Անտիոք և Անտիոքի դքսությունն իրեն ենթարկեց: Ի վերջո, երկար բանակցություններից հետո, Լևոն Բ թագ ստացավ և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում հանդիսավորությամբ թագադրվեց: Արքայի թագադրմանը դեսպաններ և ներկայացուցիչներ էին ուղարկել Եվրոպայի բոլոր մեծ պետությունները, հարևան սուլթանությունները: Ներկայացուցիչ չէին ուղարկել միայն Հայ առաքելական եկեղեցու արևելյան կողմի վարդապետները: Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *