Կիկոսի մահը (նախագիծ)

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում.

Մեծ աղջիկ


-Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…
-Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ..
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում:

Մայրիկ


-գնա´ մի տե´ս, քույրդ ընչի´ ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:

Մեծ քույր
-Արի´, արի´, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:

Միջնեկ քույր
-Ի նչ Կիկոս:

Մեծ քույր
-Բա չես ասիլ`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

Միջնեկ քույր

-Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,


Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում:

Մայր
-Աղջի´, մի գնա տես քույրերդ ի նչ եղան: Գնացին, ետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում ՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:

Փոքր քույր
-Քա´, ընչի՞ եք լաց ըլում:

Մեծ քույր

բա չես ասիլ ՝

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…

Փոքր քույր

-Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,


Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ ՝

երեք աղջիկն էլ կանչում են.

Աղջիկներ
-Արի´, արի´, անբախտ տատի, տե´ս թոռանդ գլուխն ինչ է եկել:

Մայր
-Ի նչ թոռ, ա´յ աղջկերք, ի՞նչ է պատահել:


Մեծ աղջիկ

բա չես ասիլ, ա´յ մեր ՝

Գնացի մարդի,

Ունեցա որդի,

Գդակը պոպոզ,

Անունը Կիկոս.

Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին…

Վա՜յ Կիկոս ջան,

Վա՜յ որդի ջան…

Մայր

-Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան.


Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ:

Ասում է ՝

Հայր

մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.

Մայր,աղջիկներ
-Արի´, արի´, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել… վա՜յ քու Կիկոսին…

Հայր
-Ինչ Կիկոս, ինչ եք ասում

Մեծ աղջիկ

բա չես ասիլ, ա՜յ հեր ՝

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…


Սրանց մեջի խելոքը հերն է լինում: Ասում է.

Հայր

-Ա´յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ինչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա: Դու մի´ ասիլ ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

Ստվերային թատրոն

Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ և ծաղկե հարթ մարիոնետներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով։ Մարիոնետները հետևի կողմից հպում են էկրանին դրանով դառնալով տեսանելի։ Թատրոնի առանձնահատկությունները, գեղագիտությունն ու թեման տարբերվում են կախված ավանդույթներից։
Մարիոնետները սովորաբար պատրաստվել են բարակ, թափանցիկ կաշվից (օրինակայծի կամ ուղտի), թղթից կամ ստվարաթղթից։ Կարող են լինել ինչպես ամուր և ամբողջական, այնպես էլ ճկվող և առանձին մասերից բաղկացած։ Խամաճիկները կառավարվել են բամբուկե, փայտե կամ մետաղական ձողերով։ Երկրորդ հազարամյակում ստվերների թատրոնը մեծ տարածում է ունեցել Չինաստանում և Հնդկաստանում։ Չինգիզ խանի զորքերի հետ այն տարածվել է ասիական այլ շրջաններում։ Թուրքիայում ծաղկման շրջանին է հասել 16-րդ դարում, տարածված է եղել նաև Օսմանյան կայսրությունում։ 1767 թվականին ստվերների թատրոնի չինական տեխնիկան ֆրանսիացի միսիոներ Ժյուլ Ալոդը ներմուծում է իր հայրենիք։ 1776 թվականին այն հայտնի է դառնում Մեծ Բրիտանիայում։ Գերմանացի բաաստեղծ Գյոթեն հետաքրքրություն է դրսևորել արվեստի այս տեսակի հանդեպ, իսկ 1774 թվականին անձամբ է կազմակերպել նման ներկայացում։ Չինաստանում ամենաազդեցիկ թատրոններից մեկը 21-րդ դարում մնում է Տանշանի ստվերների թատրոնը, իսկ Չենդուում գործում է ստվերների թատրոնի թանգարան (չինարեն՝ 成都中国皮影博物馆): Ներկայումս հավաքորդների շրջանում գնահատվում են կաշվե ժանեկագործ մարիոնետները, իսկ ստվերների թատրոնի գոյությունը իր դասական դրսևորմամբ վտանգված է։ 2000-ական թվականներին ծնվել է ստվերների թատրոնի նոր ուղղություն, որտեղ մարիոնետների փոխարեն հանդես են գալիս պարողներ և օգտագործելով իրենց մարմնի ճկունությունն ու պլաստիկան բեմադրում են ներկայացումներ։ Վերջին տասնամյակներում այն մեծ ճանաչում է ձեռք բերել. աշխարհի շատ անկյուններում ստեղծվում են ստվերների թատրոններ։ Նման թատրոններից ամենահանրաճանաչը Pilobolus թատրոնն է ԱՄՆ-ում։ Հայտնի են նաև Attraction, El Gamma Penumbra, Delight, Fireflies, Verba, Три Крыла, SHADOW LAB թատրոնները։