Հարցեր

Նշել մանկական գրականության տեսակները։
Հեքիաթ,բանաստեղծություն,պատմվածք,հանելուկներ,շուտասելուկներ,

Մանկական գրականության դերը երեխայի կյանքում։
Մանկական գրականության հիմնական դերը եղել և մնում է կրթությունը, բարոյական գիտակցությունը, բարոյական արժեքների ճիշտ ընկալումը։ Գեղարվեստական ​​սյուժեները ցույց են տալիս, թե ինչն է լավը և ինչը` վատը, ուրվագծում են բարու և չարի սահմանները, ցույց են տալիս վարքագծի ձևեր, որոնց կարելի է կամ չի կարելի հետևել: Մանկական գիրքն օգնում է հասկանալ իրեն, այլ մարդկանց, նրանց խնդիրները, զգացմունքները:
Վերցնում են խոսքային ճիշտ կառույցները

Մանկական բանաստեղծություններ

1.
Փոքրիկ դույլով ջուր եմ բերում,
ՈՒ մայրիկիցս օճառ խնդրում,
Թաշկինակս առած այսպես,
Լվանում եմ մայրիկիս պես։

2.
Արդեն մեծ եմ ես գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք:
Ոտքիս ծայրին թե կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ:

3.
Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Ւջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ մայրիկիս նվիրեմ։

4.
Գարուն եկավ, արտը ծլեց,
Ծիտը ծառին անուշ երգեց,
Մանուշակը գլխիկն հանեց,
Գարնան գալը մեզ ավետեց:

5.
Ջան, իմ գնդակ, իմ գնդակ,
Կանաչ, կարմիր, կապուտակ,
Թռիր վերև, իջիր ցած,
Չալոն մնա զարմացած:
Գլոր-Գլոր գլորվիր,
Թփերի մեջ մոլորվիր,
Փիսոն գտնի խտտի,
Խունջիկ-մունջիկ պտտի:

Մանկական գրականություն

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը: (Ժան Պոլ Սարտր)

Մանկական գրականությունը ստեծագործությունների շարք է, որը ստեղծված է հատուկ երեխաների համար` հաշվի առնելով երեխաների հոգեբանական  և ֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկությունները:Մանկական գրականությունը նաև գեղարվեստական գրականության ժանր է: Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։ Մանկական գրականության հիմնական տեսակներն են.

Հեքիաթ

Բանաստեղծություն

Պատմվածք


Սա այն բնութագիրն է, որ տրվում է մանկական գրականություն ասելիս, իսկ ընդհանուր առմամբ մանկական են համարվում այն բոլոր գրքերը, որ կարդում են երեխաները: Օրինակ` երեխաների համար է գրված «Մանչուկն ու Կառլսոնը» (Աստրիդ Լինդգրեն), բայց երեխաները կարդում են նաև «Ռոբինզոն Կրուզո» (Դանիել Դեֆո). չէ որ սյուժեն շատ գրավիչ է, արկածային և հետաքրքիր:


Մանկական գրականության գործառույթները տարբեր են`

Զվարճացնող — հաճելի ժամանակ անցկացնել ընթերցանության միջոցով,

Ուսուցանող — երեխան նոր ինֆորմացիա ստանում շրջապատող աշխարհի մասին, ընդլայնում աշխարհայացքը,

Ճարտասանական — երեխայի մոտ զարգանում է խոսքը. կարդալով` երեխան սովորում է զգալ բառը, հասկանալ այն և գործածել,

Հաղորդակցական — երեխան ձգտում է ինֆորմացիայի փոխանակման կամ ներկայացնում ընթերցածը ուրիշներին,

Գեղագիտական — երեխայի մոտ ձևավորվում է գեղագիտագորեն մտածելակերպը, ստեծագործության միջոցով գեղեցիկը զգալու և հասկանալու կարողությունը,

Դաստիարակչական — գիրքը մեր կյանքի մոդելն է, մեր արարքների արտացոլանքը` ինչ կարելի է և ինչը` ոչ:

Մանկական գրականությունը կարելի է բաժանել փուլերի, ինչպեսև երեխայի զարգացման աստիճանները: Երբ երեխան դեռ մոր գրկում է, նա լսում է երգեր, պարզ հեքիաթներ, իսկ հետո հերթն արդեն ավելի լուրջ ու այսպես ասած իսկական հեքիաթներինն է, հանելուկներինը, առասպելներինը, վեպերինը:

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:  (Ֆրենսիս Բեկոն)

Մանկական գրականության շարքից են Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Ջոնաթան Սվիֆտի, Մարկ Տվենի, Վալտեր Սկոտի, Ժյուլ Վեռնի, Չառլզ Դիքենսի, Ֆենիմոր Կուպերի, Ալեքսանդր Պուշկինի, Սամուիլ Մարշակի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Խնկո Ապոր և այլ գրողների ստեղծագործությունները:

Ասում են, որ երեխան և հեքիաթը կանգնած են մտավոր կյանքի հավասար աստիճանին: Մտածողության ընթացքը, եզրափակման ձևը հեքիաթում նույնն է, ինչ որ մանկան մեջ: Մանուկն ու հեքիաթը անբաժան զույգ են, և Յակոբ Գրիմմը կոչում է հեքիաթը «պահապան-հրեշտակ», որ մանկանը ուղեկից է կյանքի արշալույսին: Սա այն տարիքն է, երբ միտքն ու երևակայությունը դեռ անբաժան են:

Ես կարդացել եմ Ա. Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթը: Կարծում եմ այն առավել հարմար է նախադպրոցական տարիքի խմբի երեխաների համար, քանի որ այն արդեն կատարում է մանկական գրականության մի շարք գործառույթներ` զվարճացնող, ուսուցանող, ճարտասանական և ամենակարևորը ` դաստիարակչական։

Մանկական գրականության հիմնական դերը եղել և մնում է կրթությունը, բարոյական գիտակցությունը, բարոյական արժեքների ճիշտ ընկալումը։ Գեղարվեստական ​​սյուժեները ցույց են տալիս, թե ինչն է լավը և ինչը` վատը, ուրվագծում են բարու և չարի սահմանները, ցույց են տալիս վարքագծի ձևեր, որոնց կարելի է կամ չի կարելի հետևել: Մանկական գիրքն օգնում է հասկանալ իրեն, այլ մարդկանց, նրանց խնդիրները, զգացմունքները:

Ղազարոս Աղայան-մանկական բանաստեղծություններ

Ամսիներ և չորս եղանակ
Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Արեգակ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։

Արև
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Ճախարակ
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
Եկավ տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մանուշակ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, –
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.

  • Կատու, կատու,
    Ե՞ր ես տրտում.
    Թե՞ մկներն են
    Հիմա արթուն:
    Կատուն ասեց.
    _ Միաո՜, միաո՜.
    Այսինքն թե՝
    _ Այո՛, այո՛:

Հովվի անկողինը
Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ.
Մի հին կարպետ ուսերին,-
Այս է հովվի անկողին:

Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ…

Պառավի հորթը
Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին:

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
“Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց:

Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն:

Կովը վազեց բառաչելով,
Պառավը ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիքը ծըծերը բերանն առավ:

Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըտողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին:

Ատամը փոխած
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ:

Ղազարոս Աղայան-հեքիաթներ

Օձամանուկ և արևահատ

Անտառի մանուկը

Վաճառականի խիղճը

Զանգի֊զրանգի

Եղեգնուհի

Խիզախը կամ աներկյուղը

Այծատուր

Հնարագետ ջուլհակը

Մանուկ֊խան

Ասլան֊բալա

Քիչ էլ,քիչ էլ

Անահիտ

Արեգնազան կամ կախարդական աշխարհ

Վիշապին հաղթողը

Հազարան բուլբուլ

Արևամանուկ

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Կախարդական պատկեր

Հանելուկներ

Արեվ

Այն ինչն է ինչը
Ամռանը միշտ մեզ հետ է
Ձմռանը նա կորչում է
Օգնում է նա միշտ լուսնին
և ջերմացնում իր շողերով։

Տառեր
Մի մեծ խումբ ենք ընկերների
Գեղեցիկ ու զվարճալի
Թե մի մասին մեր հավաքես
Մի գեղեցիկ բառ կտեսնես

Խնձոր
Կլոր եմ, 
Գնդակ չեմ,
Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,
Քաղցր եմ, մեղր չեմ։ 
Դե ասեք,ի՞նչ եմ։

Օձ
Թև ու ոտք նա չունի,
Կենդանի է ավազների։

Սկյուռիկ
Ես հագնում եմ փափուկ վերարկու
Ես ապրում եմ խիտ անտառում։
Հին կաղնու վրա գտնվող խոռոչում
Ես ընկույզ եմ կռծոտում։

Ոզնի
Գնդակի նման է փաթաթվում
Իսկ վերցնել իրեն չի թողնում։

Ընձուղտ
Ի՞նչ կենդանի է շատ գեղեցիկ է ` Ամենաբարձրն է ու ամենաերկարը.

Առաջադրանք (17.03.2022)

Խոսող ձուկը
Որն է լինում հյուրի վերջին խոսքը,որից հետո հրեշը մնում է մոլորված։

Պատասխան
Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Կռնատ աղջիկը
Ինչպիսի պատիժ են մտածում հարսի համար(եղբոր կնոջ)։

Պատասխան
Չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց թողնում արձակ դաշտում:

Բարեկենդանը
Ինչ է խորհուրդ տալիս բարեկենդանը մարդուն,երբ նրանք հանդիպում են ճանապարհին։

Պատասխան
ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ 

Առաջադրանք (10.03.2022)

Լրացնել մանկական բանաստեղծությունների բաց թողնված հատվածները:

Գրիչ
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ

Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։

Առաջին ձյունը
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.

Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։

Մարտ
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։

Հովհաննես Թումանյան-մանկական բանաստեղծություններ

Իրիկուն

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
              «Հերիք է, ասավ,
              Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։

Գրիչ
Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

Փիսոն
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Առաջին ձյունը
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Ծիտիկի օրորքը
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Շունը
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Փիսիկի գանգատը
Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մարտ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ծաղիկները
― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Երեք խելոք մի հին տաշտով

Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

Թռչունի մտածմունքը
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
              Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
              Էլ չեմ հասկանում։

Աշուն
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ամենից լավ տունը
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
              Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն Է,
              Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Մի բաց նամակ ամենքին
Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Տերևաթափ
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Կույրերի կարծիքը
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Էս էն է
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

7.

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8.

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9.

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

10.

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11.

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Բզեզի դպրոցը
Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…

Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.

Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։

Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։

Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…

— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,

Օ. Օֆ, պըրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,

Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։

Հաջողված նյութը ` դաստիարակի բլոգից

Նյութը վերցրել եմ Էմմա Տերտերյանի բլոգից,տեսանյութի մեջ ցույց են տալիս քնի կազմակերպման մասին,որը շատ հետաքրքիր է անցնում։Ընկեր Էմմայի խմբում եղել եմ մի քանի անգամ և ինձ շատ է դուր եկել նրանց քնի կազմակերպումը ` տարիքով մի փոքր ավելի մեծ երեխաները,օգնում են դաստիարակներին,և միասին քնեցնում են մյուս երեխաներին։Դա շատ հետաքրքիր գործունեություն է երեխայի համար,որը սկսվում է շատ փոքր տարիքից։Այդպիսի աշխատանքներով երեխաները շատ փոքր տարիքից կսովորեն շատ բաներ։Կարծում եմ նյութը հաջողված էր,քանի որ օգտակար է նախ և առաջ երեխաների համար։