Դդմածես

Նախագծի անվանումը` «Դդմածես»

Անցկացման վայրը` Քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ` 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ

Ժամանակահատված ՝ 22.01-26.01

Ամփոփումը ՝ 01.02 (Ղափամայի ծես)

Նպատակ, խնդիրներ ՝ Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում

Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

ընթացքը ՝ 

Դդումով տեխնոլոգիա 

Դդմաքչփոր 

Դդմածեսի ընթացքում սաների հետ քչփորում ենք դդումը, խոշորացույցով ծանոթանում նրա կորիզներին, կառուցվածքին։ 

Ծեփամածիկից դդումներ

Դե իհարկե, դդումը տեսնելուց և լավ ուսումնասիրելուց հետո սաները պատկերացնում են թե ինչ կառուցվածք ունի այն։ Սովորածը ամրապնդելու համար սաները դաստիարակների օգնությամբ պատրաստում են ծեփամածիկից դդումներ։ 

Դդմի կորիզների ցանում,դդմի աճեցում

Ցանում ենք դդմի կորիզները 

Դդումը քչփորելուց հետո կորիզները հանում ենք, լվանում։ Սաների հետ միասին  դրանք ցանում ենք բակում։ 

Դդմախաղեր 

Դդմագլոր 

Էլ ինչ դդմածես առանց խաղերի։ Դդմագլորի տարբերակներից մեկն է ՝ նստել շրջանով և դդումը գլորել մեկը մյուսին։ Կա մի տարբերակ, որտեղ գլորվում են ոչ միայն դդումները։ Սաները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Դդումը որպես դհոլ երաժշտական-ռիթմիկ խաղ 

Մասնակիցների առջև դրված են դդումներ։ Դաստիարակը խփում է մեկ զարկ, սաները կրկնում են, դաստիարակը երեք զարկ, սաները ևս երեք։

Դդմային ուտեստների պատրաստում 

Պատրաստում ենք դդմաղցան 

Աղցանի համար անհրաժեշտ է 300 գրամ դդում, 2 հատ խնձոր, 1 հատ գազար, 1 հատ լիմոն, 1ճ/գ մեղր։ Այս աղցանը թարմացնող է և շատ օգտակար: Բոլոր բաղադրիչները հրաշալի հատկություններ ունեն:

Պատրաստում ենք ղափամա

Ինչպես բոլոր դդմածեսերը, այս մեկն էլ բացառություն չէ։ Այն չի կարող անցնել առանց համով, հոտով Ղափամայի։ 

Ասիկներ դդմածեսին ընդառաջ

Դդմագովք 1

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի հասակ գովեցեք,
Այ հասակ, բարձր հասակ,
Կվայելե դափնե պսակ:

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի գույնը գովեցեք,
Այ դդում, կարմիր դդում,
Արևի պես պայծառ դդում:

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի համը գովեցեք,
Այ դդում, համով դդում,
Մեղրից անուշ, քաղցր դդում:

Դդմագովք 2

Դդում, էս ինչ համով ես,
Դդումի համը փորձելու ենք եկել,
Տըռուզ – մռուզ փոր ունես,
Ղափամա եփելու համար ենք եկել:

Ոսկե նախշուն մազերդ,
Դդումին գովելու համար ենք եկել,
Օլոր – մոլոր թափել ես,
Դդումին տանելու համար ենք եկել:

Դդումին գովելու համար ենք եկել,
Դդումին տանելու համար ենք եկել:

Գովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Դումը ձին հեծել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Թոնրատան մոտ հասել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Բրինձ, չամիչ, մեղր ու յուղ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Ուր փորի մեջ լցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Տաք թոնրի մեջ էփել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Մեր սեղանին բազմել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Մերդ կերավ ղափամա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Քոզի բերավ թամադա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։

Դդում, դդում, մոտ արի,
Տես քե ինչեր ենք բերել,
Չիր ու չամիչ ենք բերել,
Յուղ ու մեղր ենք բերել,

Թե երգ կասես՝ բրինձ էլ կտանք,
Թե չես ասի՝ շան ու գիլի փա՜յ կանենք:

Դմբլ-դմբլ դափ-դդում

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ-դդում:

Համով հոտով մեծ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Մեջդ դատարկ դափ- դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դդումն եկավ կուզեկուզ,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Վիզը ծուռտիկ, փորը դուրս,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Կարմիր, համով քաղցրիկ եմ,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
— Չկա՜, չկա՜, չկա՜:

Ալ խնձորի իմ դդում,
Շեկ շլորի իմ դդում,
Կանաչ թզնի իմ դդում,
Կարմիր նռնի իմ դդում:

Մեր դդումը խաս դդում է,
Ջրի միջի թաս դդում է,
Էսպես դդում ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Դեմը ղափամա ունի:

 Խաս գարնցան իմ դդում,
Մաքուր թացան իմ դդում,
Կլոր բերան`
Ժամտան խորան,
Մեղրե մատներ`
Ժամտան մոմեր:

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, սոց. կայքերում։