Թումանյանական թեվավոր խոսքեր

Մի գդակ է,հո մի քուրք չի֊Այս թևավոր խոսքը վերցված է Հովհաննես Թումանյանի 《Շունն ու կատուն》հանրահայտ լեգենդից։Ուստա փիսոի խոսքերն են ` ուղղված Քեռի Քուչիին։

-Աչքիս վրա Քեռի Քուչի
Մի գդակ է,հո մի քուրք չի։
Օգտագործվում է,երբ ցանկանում ես նշել,թե ձեռնարկած գործը առանձին ջանքեր չի պահանջում։Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։

Ներսոի քարաբաղնիս֊Հովհանես Թումանյանի հայտնի պատմվածքի վերանգիրն է,որտեղ Թումանյանը պատմում է հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն`քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։Այժմ “Ներսոի քարաբաղնիս” արտահայտությունը հասկացվում է որպես ոչ ճիշտ,հակաբժշկական միջոցներով բուժում։

Քաջ Նազար֊Հովհաննես Թումանյանի հեքիաթի հերոսն է,որը հայտնի էր իր վախկոտությամբ։Նազարը,սակայն,հանգամանքների բերումով դառնում է թագավոր։”Քաջ Նազար” են անվանում այն մարդկանց,որոնք իսկապես վախկոտ են,բայց և պարծենկոտ։Հաճախ այդպիսի մարդկանց մասին,որոնք որևէ պաշտոնի են արժանացել ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ,այլ պատահականորեն,ասում են.”Քաջ Նազարի բախտ ունի”։

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։