Ուղղագրություն

Օրինակներ,երբ ստորակետով կապվում են գլխավոր և երկրորդային նախադասությունները։

Ես ընդունվեցի քոլեջ,քանի որ ցանկություն ունեի ստանալ միջին մասնագիտական կրթություն։
Քանի որ ցանկություն ունեի ստանալ միջին մասնագիտական կրթություն,ես ընդունվեցի քոլեջ։

Արմինեն որոշել է անպայման ընդունվել համալսարան,որպեսզի դառնա հմուտ մասնագետ։
Որպեսզի դառնա հմուտ մասնագետ,Արմինեն որոշել է անպայման ընդունվել համալսարան։

Նրանք գիշերը լուսացրին սարի լանջին,որովհետև ուզում էին դիմավորել արևածագը։
Քանի որ ուզում էին դիմավորել արևածագը,նրանք գիշերը լուսացրին սարի լանջին։

Օրինակներ երբ ցույց է տրված թվարկում։

Ես խանութից եղբորս համար գնեցի տետրեր,գրքեր,գրիչ,մատիտ,որպեսզի պատրաստվենք դպրոցին։
Ամեն երեկո մայրիկս սիրում էր մեզ հետ մուլտֆիլմ դիտել,գիրք կարդալ,խաղալիքներով խաղալ։
Մեր շունիկը մեծանում էր շատակեր ,խելացի,սիրունիկ ու հավատարիմ։

Երբ և֊ը միացնում է երկու գլխավոր նախադասություններ։

Մանեն երեկոյան շուտ քնեց և առավոտյան ճիշտ ժամանակին արթնացավ։
Եղբայրս վերադարձավ տուն,և ես նրա համար ճաշ պատրաստեցի։

Ձայնարկություններից հետո դրված ստորակետ:

-Հեյ,եկեք խաղանք միասին:

Կոչականից հետո դրված ստորակետ:

-Արմինե,արի ընթրելու:

Կրկնվող շաղկապից հետո դրված ստորակետ :

Եվ Աննան եկավ միջոցառմանը, և Նարեն:

Դերբայական դարծվածից առաջ և հետո դրվող ստորակետ, եթե միջադաս է:

Կարենը,չնայած նրան որ վատառողջ էր,մասնակցեց մեր ավարտական երեկոյին:

Բացահայտչից հետո դրվող ստորակետ, եթե նախադասության վերջին բառը չէ։

Դպրոցի ամենալավ առաջադիմություն ունեցողներից մեկը ՝ Նարեկը,այս անգամ էլ հաղթեց մաթեմատիկայի օլիմպիադան:

Գուրգեն Խանջյան-համբերություն քեզ,մարդ ջան

Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով, իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար, մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։ Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր:Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել, ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու: Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել…
Հիմա, այո, հաջողացրինք փախչել անտառներից, ու միմյանց խժռելու սարսափը կարծես թե թողեցինք էնտեղ մնացածներին, իսկ մենք խժռում ենք էնտեղից հետներս բերածներին, աճեցնում ենք, բազմացնում, բուծում՝ խժռում, բուծում՝ խժռում… Է հա, բա ինչ անենք, հո սոված չե՞նք մնալու, բանաձևը մենք չենք կարգել, տերունական է, հակառակվելը` անկարելի… Իսկ միմյանց չենք խժռում, չէ… էնպես, դեպքից դեպք, որպես շեղում, պաթոլոգիա։ Բայց ուրիշ որսի մասին էի ուզում խոսել, նրա առավել նուրբ, զուտ մարդկային տեսակի մասին, որին առնչվում ենք ծնված օրից։
Մարդ ծնվեց, սսս՜, ծնվեց… Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ, որսորդնե՛ր, պատրաստ եղե՛ք, նոր մարդ է գալիս…
Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։ Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները… Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին… ուտյուտյու՜, բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ, չէ, ի՛նձ, իսկ ու՞մ ես շատ սիրում: Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով…
Որսն սկսված է… Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս, սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես… Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛, ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛, գյավուրների հետ գործ չունես, ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ, ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս, ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը, ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես… Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը, ես, շշշը՜, ես սսեքսսն եմ…
Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում… Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։ Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ, ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու…Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում… Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց, թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից…», «Մահ իմացյալ անմահություն է…» և այլն, և այլն։ Էնպես որ, ետ եկ, մոլորյալ, թեկուզ՝ ճղած ջինսով, մազմորուքով, շեղված սեռականով…Հա, մի զարմանա, եթե տենց կպած ազատություն ես ուզում՝ ա՛ռ, ջոկի՝ պանկ, բոմժ… Որն ուզես, բայց էստեղ` հասարակության աչքի առաջ, մոտիկ, հեռու չգնաս, չպլստաս հանկարծ…
Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում… Ո՞նց թե… Կյանքի բանաձևը փոխվե՞ց…
Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛, ասում են, հանգստացի՛ր, թոշակ-մոշակ… Այ քեզ բան… Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜…Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին… Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո…Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։ Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին… Պրծ, էլ դուրս չես գա…Ի՞նչ, հոգու անմահությու՞ն…
Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես…
Համբերություն քեզ, մարդ ջան:

15.11.2021

Եռանդուն ուսումնասիրում
Հաճախ և տարբեր կերպ ասվել է, որ ուսումնասիրումը պետք է լինի եռանդուն և ոչ թե կրավորական կամ ռեցեպտիվ, այսինքն` միմիայն ընկալման վրա հիմնված, սահմանափակվելով գրքերի ընթերցմամբ, դասախոսությունների ունկնդրմամբ կամ կինոնկարների դիտմամբ, ինչը չի ուղեկցվում սեփական բանականության եռանդուն գործունեությամբ, հազիվ թե կարողանաք որևէ բան ուսամնասիրել և անկասկած չեք կարողանա շատ բան ուսումնասիրել։
Կա ևս մեկ, հաճախ ձևակերպվող (և վերը նշվածին մոտ) կարծիք. «Ինչ-որ մի բան ուսումնասիրելու լավագույն եղանակն է ինքնու­րույն հայտնաբերելը»: Լիխթենբերգը (18-րդ դարի գերմանացի ֆիզիկոս, ավելի հայտնի որպես ասույթներ հորինող) այստեղ մի հետաքրքիր բնորոշ գիծ է ավելացնում. «Այն, ինչը հարկադրված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կկարողանաք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունը կառաջանա»: Պակաս գունեղ, բայց գուցե և ավելի լայն կիրաոելի է հետևյալ ձևակերպումը. «Որպեսզի ուսումնասիրումն ավելի գործուն լինի, սովորողը պետք է ինքնուրույն հայտնաբերի ուսումնա­սիրվող նյութի առավել մեծ մասը, որը հնարավոր է տվյալ հանգամանքներում»։
Դրան է հանգում եռանդուն ուսումնասիրման սկզբունքը (Principle of active learning. Arbeitsprinzip)։ Սկզբունքն այդ շատ հին է. այն դրված է «Սոկրատեսի մեթոդ» գաղափարի հիմքում։ (Ջորջ Պոյա)

3. Դիատրկեք այս մտքերը նախակրթարանում.

Գրագիտություն: Սա միայն մայրենի լեզվով կարդալու և գրելու հմտությունը չէ: Սա նաև օտար լեզվի համարժեք իմացությունն է: Սա թվաբանական գրագիտությունն է: Սա համակարգչի հետ աշխատելու ունակությունն է, ծրագրավորման լեզու իմանալը:  Գիտությունների մասին ընդհանուր պատկերացում ունենալն է:

Բարոյագիտություն: Սա անձի դաստիարակությունն է հասարակության մեջ ապրելու համար: Աշխարհայացքի, վարքի, հասարակության մեջ կողմնորոշվելու, ինքնատիրապետման խնդիրներն են: Սա օրենքների և հասարակության սոցիալական նորմերի, որպես քաղաքացի` սեփական իրավունքների և պարտավորությունների իմացությունն է: Այստեղ նաև ընտանիքի խնդիրներն են:  Եվ սոցիալական գրագիտությունը (հասարակության մեջ ում, որտեղ և ինչպես դիմել կենսական խնդիրների լուծման նպատակով): Եթե առաջին խմբի համար դպրոցը սկզբունքորեն պատրաստ է, ուսուցման մեծ փորձ ունի, ապա երկրորդ խումբը գրեթե մշակված չէ: Օրինակ՝ քաղաքացիական զգացում դաստիարակելու համար գրականությունը հսկայական ազդեցություն ունի: Բայց այսօր ոչ թե գրականություն են դասավանդում, այլ գրականագիտության հիմունքներ, ավելի ճիշտ, թերթերի բանավեճերից դատելով, դասական ստեղծագործությունների «մշակումները»: Բայց երկրորդ խմբի համար գրականության դասավանդման այլ մոտեցում է պահանջվում. և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործությունները պետք է միայն հասարակության մեջ մարդու տեղի մասին մտածելու նյութ տան:

Գեղագիտություն: Սա բոլորովին չուսումնասիրված, չլուծված և գործնականում դպրոցում չսկսած աշխատանք է՝ երիտասարդի գեղագիտական զգացողությունը դաստիարակելը: Սա կրկին  գրականություն է, բայց նորից այլ տեսանկյունից՝ ուղղակի սովորեցնել գիրքը սիրել, կարդալու բուռն ցանկություն առաջացնել: Սա և՛ երաժշտություն է, երգ, և՛ նկարչություն, գծանկար, գեղանկարչություն: Եվ պար, իհարկե: Ընդհանուր առմամբ, գեղագիտական ողջ ոլորտը, առանց որի երիտասարդության դաստիարակությունը լիարժեք համարել չի կարելի:

Հեշտ է բացատրել, թե մեզանում ինչ ու է գեղագիտական դաստիարակությունն արհամարհված եղել: Գիմնազիայի աշակերտը նաև տնային դաստիարակություն է ստացել, օրիորդներն անպայման երգել են և դաշնամուր ծնգծնգացրել: Որպես պետական միասնական դպրոցի մոդել վերցված գիմնազիայում, բնականաբար, գեղագիտական խմբի համար տեղ չգտնվեց: Ժամերի ցանցը գրեթե անփոփոխ մնաց: Այստեղից էլ տարածված կարծիքը, որ գիմնազիայից «բարեկիրթ» մարդիկ են դուրս եկել, իսկ մեր միջնակարգ դպրոցից` չգիտես ինչու, ոչ այնքան:

Ֆիզիկական կուլտուրա: Հասկանալի է, որ ներդաշնակ զարգացած մարդը պետք է առողջ լինի, տիրապետի սեփական մարմնին, իմանա, թե ինչ է կատարվում իր օրգանիզմում, կարողանա առաջին բժշկական օգնություն ցուցաբերել ինքն իրեն և ուրիշներին: Այս խումբը բացարձակապես իրավահավասար է մնացած երեքի հետ, իսկ հետագա կյանքի համար՝ երևի ամենակարևորը: Չեմ հասկանում, թե ինչու են երեխաներին բժշկական ցուցանիշներով ազատում ֆիզկուլտուրայի դասերից, այն դեպքում, երբ վաղուց ի վեր գոյություն ունի բժշկական ֆիզկուլտուրա: Ոչ մի դպրոցական չպետք է զրկվի այդ պարապմունքներից, բայց յուրաքանչյուր աշակերտ անհատական ծրագրի իրավունք ունի: Եթե անգամ կաթվածահար մարդուն ֆիզիկական վարժություններով են բուժում, ապա տարօրինակ է երեխաներին կենսականորեն ամենաանհրաժեշտ շարժումներից ազատելը: (Միխայիլ Պոստնիկով)

Վանո Սիրադեղյան-Թերեզի երջանկությունը

Թերեզը աշխույժ նամակներ է գրում: Ամեն նամակի մեջ մի հետաքրքիր լուր է լինում քաղաքի կյանքից: Քաղաքն էլ չլինի, շենքը, որ իրենց գյուղի չափ մի գյուղ կտեղավորի, ապրում է բուռն, արկածալի կյանքով: Համենայնդեպս, Թերեզին այդպես է թվում: Համենայնդեպս, տարիուկես քաղաքում է ապրում ու գրելիքը չի պակասել: Քաղաքը` մեծ, ժողովուրդը` ծով, կյանքը` հետաքրքիր…

Թեկուզև ինքը օրերով տնից դուրս չի գալիս, դուրս գալը խանութ գնալն է, տեսնելիքը` բակ ու փողոցի անցուդարձը… Հենց այդ մասին էլ Թերեզը գրում է: Գրում է աշակերտական տետրի զույգ թերթի չորս երեսին, և եթե վերջին էջից մի քանի տող անգամ գրելիքը պակասում է, նամակը չի ծրարում: Քաղաքից կես բերան նամակ գրելը ամոթ բան է համարում ու գրչակոթը կրծոտելով պատուհանից դուրս է նայում` արդյո՞ք կարևոր բան բաց չի թողել… Եվ ավելացնում է. «Ուրիշ ո՞նց եք, քույրիկ ջան. մենք շատ-շատ լավ ենք, նույնն էլ ձեզ ենք կամենում»:
Վերջին էջի վերջին տողատակը գրոտելուց հետո, Թերեզը հաճույքով լիզում է ծրարե սոսնձի շերտը, ծրարը բռունցքով տափանում, նամականիշի կողքին ևս մի նամականիշ փակցնում, և եթե ծրարը օդային փոստի չէ, աչքի ընկնող մի տեղ գրում է ՈՉՌՈ, թեև փոստը նրանց գյուղ երբեք ինքնաթիռով չեն տանում: Թերեզը երբեմն ավիացիոն փոստի ծրար էլ է ունենում, բայց սեփական ձեռքով ՈՉՌՈ գրելը մի ուրիշ հաճույք է: Բոլորովին այլ բան է, որ Թերեզը ռուսերենից բոբիկ է և տառասխալով գրում է ՈՉՌÿ: Եվ կարևոր չէ նույնիսկ, որ նամակը շաբաթից շուտ տեղ չի հասնում: Թերեզի մտքով էլ չի անցնում, որ կարող է շուտ հասնել: Ժամանակ շահելու համար չէ, որ կրկնակի նամականիշով ծրարի վրա ՈՉՌՈ է գրում, այլ կարևորության համար: Եվ շքեղության համար է գրում: Թերեզի երջանկությունը պիտի հենց ծրարից երևա: Կարմիր շերտերիզով, ինքնաթիռի պատկերը վրան ու փայլուն ծրարից: Կամ թեկուզ սովորական, բայց ճեփ-ճերմակ թղթից, մի լավ շենքի նկարով, կրկնակի նամականիշով, վրան էլ իր ձեռքով գրած ՈՉՌՈ ծրարից:
Թերեզի լիակատար երջանկությանը միայն տուն չունենալն է խանգարում: Մնացած ամեն ինչով «իսկական քաղաքացի ենք, քույրիկ ջան»,- գրել է Թերեզը նամակում: Լավ ուտում, լավ հագնում են, կինո, թատրոն են գնում, համերգ ու կրկես են գնում… Ո՞ւմից են պակաս, Թերեզի քույրիկ: Ճիշտ է, երբ քաղաքային տրանսպորտը «տալոնային սիստեմի» անցավ, օրվա փողը Սահակի գրպանից պակասեց ու մի քիչ կոտրն ընկան, բայց դրա փոխարեն աշխատավարձը բարձրացավ, ու եթե վեց հատ կարմիր տասնոցը ամեն ամիս տան վարձ չտան, առոք-փառոք կապրեն և ուրիշներից ետ չեն մնա:
Շաբաթվա մեկ օրը Թերեզը նամակ է գրում, մնացած վեց օրը սպասում է նամակի պատասխանին: Եվ առհասարակ, Թերեզը օրնիբուն սպասում է: Սպասում է Սահակի տուն գալուն, նոր ավտոբուս ստանալուն, ծորակի տակ դրված գարեջրի շշերի սառելուն, բնակարան ստանալուն, որ կարող է ութ տարի տևել, ամուսնու աշխատավարձի բարձրանալուն, որ կարող է տասը տարի տևել, սպասում է իր նամակի պատասխանին, նամակ գրելու օրվան, Նոր տարվա գալուն ու գարնան գալուն, ամռանն ու աշնանը, երեխա ունենալուն ու սառնարան առնելուն… Սպասում է. հանդարտ, անխռով սպասումով: Ահա այսպես, ձեռքերը իր երեք ամսական փորին դարսած, պատուհանին մոտ քաշած աթոռին, երազկոտ-խաղաղ հայացքը դուրս և ականջը դռան զանգին, ականջը` ծորակից հոսող ջրի ձայնին, ականջը` իր ներսում ապրող, քնածի մարմանդ շնչառությամբ շնչող երջանկությանը:
Ի՞նչ է շշնջում այդ ձայնը Թերեզի ականջին: Որ կգան ու կանցնեն օրերը, կանցնեն տարիները, ու իրենք երկու աղջիկ, երկու տղա կունենան, որ Սահակը տաքսու վարորդ կդառնա ու փողկապով կգնա աշխատանքի, որ բնակարան կստանան և ամսական վաթսուն ռուբլին ետ կգցեն` «Ժիգուլու» տեր կդառնան, որ կարգին օջախ կդառնան և իր քրոջ երեխաներին, Սահակի քրոջ ու եղբոր երեխաներին, եթե քաղաք սովորելու գան, տիրություն կանեն, որ իրենց նման ջահել ընտանիքները, իրենց նման վարձով ապրողները կգան Թերեզից պարտքով փող կուզեն, այս ու այն կուզեն, և Թերեզը ոչ մեկին ոչինչ չի մերժի, որ ավելի շատ իրենք հյուր կընդունեն, քան հյուր կգնան, որովհետև ամեն բան կունենան, մի բան էլ ավելին կունենան` եկող-գնացողի առաջ ամոթով չմնալու համար… Եվ որ` երբ գա այդ ժամանակը, հիմիկվա խալաթը Թերեզի վրա նեղ կգա ու նրա լցված, թմբլիկ մարմնին, չորս երեխաների տեր երջանիկ տանտիկնոջ մարմնին ավելի սազ կգա մետաքսե ծաղկավոր մի խալաթ: Եվ այդ մետաքսե ծաղկավոր խալաթով Թերեզը կպտտվի՜, անդադար կպտտվի հարևան-բարեկամներով բոլորած սեղանի շուրջը, ուտելիքով ու խմիչքով ծանրաբեռնված սեղանի շուրջը ու, ժպիտը երեսին, ծեքծեքալով կասի. «Կներեք, որ ուտելու լավ բան չունենք, կներեք, որ խմելու լավ բան չունենք: Եղածից անուշ արեք, կներեք…»:
Թերեզը յոթերորդ երկնքում էր այն օրերին, երբ խաշի պատրաստություն էր տեսնում: Այդ խաշի մասին նա մտածում էր քաղաք գալու առաջին օրվանից: Եվ երբ հինգ ամիս առաջ հեռավոր արվարձանի կիսանկուղից այս բնակարանը տեղափոխվեցին, երբ Թերեզը տեսավ պատշգամբի լայնքով մեկ ապակե պատ ունեցող լուսավոր սենյակը, երբ տեսավ բնական գազով օջախը, լվացարանի կաթնագույն կոնքը,- երբ այս ամենը Թերեզը տեսավ, առաջին միտքը այն էր, որ Սահակը շրջապատ մտներ, հարևանների հետ գնալ-գալ ունենային… այսինքն, որ իրենց կարգին ընտանիքի տեղ դնեին, ոչ թե վրաները նայեին, ինչպես վարձով ապրող, քոչվոր անտերների վրա են նայում: Եվ երբ Սահակին սկսեցին խաշի ու խորովածի կանչել, Թերեզի նամակներն ավելի կենսուրախ դարձան: Ճիշտ է, ամեն անգամ հյուր գնալիս Սահակը խմիչք է տանում (ահագին ծախս է), բայց քույրը թող հասկանա, որ շրջապատ ունենալու համար պիտի ծախս անես: Սահակի հայրն էլ, պապն էլ շրջապատի մարդ են եղել:
Փետրվար ամիսն էր, ամեն ինչի սակավ ժամանակը, երբ Թերեզը Սահակին ուղարկեց շուկա` լավաշի և բողկի, հարևաններից բերեց լրացրեց պակասող սպասքը, երեք օր շարունակ մաքրած խաշը շաբաթ երեկոյան դրեց կրակին, և ամբողջ գիշեր ամուսինները չքնեցին: Մեղրամսից հետո դա ամենաերկար գիշերն էր: Թերեզը շապկանց դուրս էր գալիս անկողնուց, անցնում էր խոհանոց և կրկին անկողին մտնելով` ամուսնու ականջին շշնջում էր խաշի, սիրո ու վաղվա տոնական օրվա մասին: Խաշի ու սիրո այդ գիշեր Թերեզը հերարձակ էր, և առավոտյան խաշ ուտող տղամարդիկ ափսեների մեջ երկար, կանացի մազեր գտան: Բայց տղամարդիկ էին, դեմները խաշ էր, կերան, խմեցին, մոռացան: Չնչին անախորժություններ էլ եղան. մեկ աղամանը տեղը չէր, մեկ` սխտորն էր ջրիկ, մեկ` ափսե էր պակասում, մեկ` բաժակ… Միայն թե այս մանրուքները Թերեզին չվշտացրին, Թերեզը իր հյուրասիրությունից ցնորվել էր: Միակ բանը, որ կարճ մի պահ սթափեցրեց Թերեզին, Սահակի ապտակն էր, որ խոհանոցում կերավ: Ապտակ էր` թեթև, սովորական, հենց այնպես ապտակ էր, որ տղամարդը, եթե լավ կերած-խմած է, պիտի հասցնի կնոջը, հյուրերի գնալուց հետո, խոհանոցում` ամեն կիսատ-պռատի համար, տանտիրուհու ավելորդ ոգևորության, ավելորդ ժպիտների համար… Եվ Թերեզը այդպես էլ ընդունեց: Ամուսնու ապտակը տոնական օրվա մանրամասների շարքը դասեց ու ժպտաց: Մի ուրիշ տեսակ ժպտաց: Գիշերվա համար պահած ժպիտը առաջին անգամ օրը ցերեկով ու անամոթ ժպտաց: Այդ անամոթության համար Սահակը մի անցավ ապտակ էլ հասցրեց: Թերեզը պաշտպանվեց ամուսնուն փարվելով և աման լվանալը թողեց ավելի հարմար ժամանակի:
Երբ խաշի թմրությունից ուշքի եկած` անկողնուց ելան, երեկոյան ժամը ինն էր: Թերեզը այնպիսի նվաղուն տրամադրության մեջ էր, որ կարելի էր միայն նամակ գրել: Մի ուրիշ անգամ, նամակ գրելուց առաջ, կնստեր ու մի անգամ էլ ծայրեծայր կկարդար քրոջից ստացած նամակը, որ նամակի հարցումներին պատասխան տա: Բայց անցած շաբաթվա տպավորությունները այնքան շատ ու նշանակալի էին, որ Թերեզը նամակի պատասխան չէր գրելու, այլ նամակ էր գրելու: Եվ Թերեզը գրեց այդ նամակը: Եվ դա նամակ չէր, այլ լեզուն նոր բացված երեխայի կակազ-շնչասպառ-ոգեշունչ պատմություն ինչ-որ շատ արտառոց, իրեն շատ հուզած մի բանի մասին, որի իմաստը այն էր, որ Թերեզը… որ Սահակը… որ իրենք… Գլուխդ ինչ ցավեցնենք, Թերեզի քույրիկ, իրենք երջանիկ են, նույնն էլ ձեզ են կամենում:
Առավոտյան Թերեզը զարթնեց դռան թակոցիվ: Կիրակի օրվա ուրախությունը շարունակվում էր երազում, և այս վաղ արթնացումը Թերեզի կիսարթուն ուղեղին ինչ-որ լավ բանի, ինչ-որ շատ լավ մի բանի ավետում թվաց, որ կապված էր իր հազար ու մի սպասումների, երեկվա կերուխումի, հարևանների կուշտ ու մտերիմ դեմքերի հետ:
Խալաթը վերուվար կոճկելով դեպի դուռը գնալիս Թերեզը երանավետ ժպտում է, «բարի լույս-համեցեք»-ը տանում է շուրթերին և չի մտածում, թե ինչու չեն զանգում, այլ դուռն են թակում, թե ինչու` ոչ թե թակում, այլ ջարդում են դուռը: Եվ Թերեզը ոչ մի կերպ չի հասկանում, ինչի՞ց է, որ իրենցից մի հարկ ներքև ապրող մոր ու աղջկա դեմքերը զայրույթից այլայլված են, թե ինչո՞ւ մայր ու աղջիկ, Թերեզին, խալաթը չկոճկած, սանդուղքներով քարշ են տալիս ներքև, խցկում են իրենց դռնից ներս ու հրում են դեպի պատերը, դեպի պատերը, պատերը… Իսկ Թերեզը աչքերը տրորում, արթնացող երեխայի զարմանքով նայում է նրանց կահույքին, նայում է բաց անկողիններին ու ակամա տղամարդու հետքեր է որոնում, այն տղամարդկանց հետքերը, որ ստվերների նման այս դռնով ներս ու դուրս են անում: Եվ մինչ Թերեզին այս պահին, հենց այս հիմար վիճակում մի հարց է տանջում, թե այդ տղամարդկանցից որը որի մոտ է գալիս, նրանք, մայր ու աղջիկ, Թերեզին դեպի պատերն են հրում: Ինչո՞ւ են հրում: Ինչո՞ւ են Թերեզի վրա գոռգոռում: Ինչո՞ւ են սրանց պատերը թաց և հատակը` թաց, ինչի՞ց է, որ գորգը ծանրացել ու մեխերից պոկվում է: Ի՞նչ կապ ունի այս ամենը Թերեզի հետ, երեկվա տոնական օրվա ու հարբած-մտերիմ դեմքերի հետ, երեկվա պեծպեծող հայացքների հետ, որ խաշ ուտող տղամարդիկ նետում են տանտիրուհու վրա` իբր շնորհակալ են. շնորհակալ են խաշի թանձրության համար, լավաշի բարակության համար, իբր շնորհակալ են ընդհանրապես… Թերեզը ի՞նչ մեղք ունի, որ սրանք տանը տղամարդ չունեն` գար խաշի: Թերեզը չէ՞ր ուզի, որ մի լավ հարևան էլ ավելի ունենային… Ու մինչդեռ Մայր ու Աղջիկ Թերեզին գոմում ապրած, տուն չտեսած վայրենի ու էլի ինչ-որ վիրավորական բաներ են ասում, ինչ-որ վնասից ու փողից խոսում, մինչդեռ Մայր ու Աղջիկ իրար հերթ չեն տալիս, Թերեզի արթնացող գիտակցության մեջ մի տարտամ միտք է ծիլ տալիս, թե այս ամենը երեկվա խաշի հետ է կապված… Եվ հանկարծ վայրենի ճիչով Թերեզը դուրս է թռչում հարևանի տնից, սանդուղքներով վեր վազում, բաց դռնից ներս է ընկնում իր տուն, կանգնում իր խոհանոցի ծովացած հատակին և արցունքն աչքերին նայում անլվա ամաններով լռված լվացարանից հատակին չռռացող ջրին…
Այդ սև երկուշաբթի, քիթը թաշկինակի մեջ տրորելով և չհամարձակվելով ամուսնու աչքերին նայել, Թերեզը հաշվեց հինգ հարյուր ռուբլին, իրենց մի տարվա խնայողությունը և սրտի կսկիծով տվեց վնասատիրոջը: Քիչ է, ասացին Մայր ու Աղջիկ, բայց, դե, իրենք էլ հայ քրիստոնյա են: Այդ քիչը, որ հայ քրիստոնյաները տարան, այդ քիչը, որ Թերեզի երազածով պիտի կամաց-կամաց շատանար ու կլորիկ գումար դարձած` բնակարանի հերթը առաջ գցեր, տան տեր դառնալու նրա հույսը ետ գցեց ուղիղ մեկ տարով: Եվ Թերեզը զգաց, որ ամբողջ շաբաթվա ուրախությունը քթից գալիս է:
Ամսից ավելի է Թերեզը նամակ չի գրում: Արդեն քանի շաբաթ Սահակը նորակառույց թաղամասերում սենյակ է փնտրում: Փնտրում է Սահակը, հուսահատվում, հուսահատվելով է փնտրում, բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է, կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Այդ կես ճշմարտությունը նրանց վրա թանկ է նստել: Թերեզի հղիությունը տեսել և երեք անգամ նրանց կահ-կարասին բեռնատարին նորից բարձել են տվել: Առաջին անգամը նախկին թաղամասում էր, այն նույն թաղամասում, ուր Թերեզը փառավոր շրջապատ էր ստեղծել: Այդ շրջապատը Թերեզը սրտի ցավով թողեց: Թողեց, որովհետև Մայր ու Աղջիկ չգոհացան վնասի հատուցումով, սպառնացին Թերեզի` ուրիշ մի տեղ ապրող տանտիրոջը, թե բնակարանը ձեռից առնել կտան, քանի որ, պարզվում է, բնակարանի կարիք չունի, թե իրենք, Մայր ու Աղջիկ, տասը տարի սպասել են, մինչև բնակարան են ստացել, ուրեմն և թույլ չեն տա, որ գոմերում ապրած մեկը իրենց գլխին ամեն օր ջուր թափի, վաղն էլ ով գիտի ինչ թափի… Եվ Թերեզը ընկավ դռնեդուռ:
Արարատին նայող պատուհանով, Արագածին նայող պատշգամբով այդ մեկ սենյականոց բնակարանը կորցնելուց հետո թաղամասի շենքերից մեկում մի սենյակ գտան իններորդ հարկում, երեք սենյականոցի ամենափոքր սենյակը, և Թերեզը մտածեց, որ կմնան ժամանակավոր: Բայց դուրս եկավ չափազանց ժամանակավոր: Երկրորդ օրը առավոտյան տանտիրուհին` շապկանց ու շապկի փեշերից երկու փսլնքոտներին քարշ տալով կանգնեց Թերեզի շեմին, «իրար ճանաչենք» – ասաց և իբր սեղանի ոտքերին է նայում` նայեց Թերեզի փորին, իբր առաստաղին է նայում` նայեց Թերեզի փորին և խելագարի կտրուկությամբ շրջվելով` երեխաներին թափ տվեց փեշերից ու հատ-հատ արտասանեց. «Ես իմոնցից եմ զզվել, երեխայով տնվոր պահողը չե՛մ»:
Երեք անգամ կրկնվեց նույնը: Եվ Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Ասում է` երեքն են: Եվ դուռը խփում են Սահակի քթին: Եվ Սահակը հուսահատվում է: Նայում Թերեզի օր-օրի մեծացող փորին և հուսահատվում է: Բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է` կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Իսկ Թերեզի համբերությունը թխսի համբերություն է, Թերեզի քույրիկ: Թերեզը սպասում է: Սպասում ու ջեռուցումով տուն է ուզում: Կոկիկ խոհանոցով, տաք զուգարանով, ցնցուղով, սառ ու տաք ջրով տուն է ուզում: Թերեզը նրա համար չի քաղաք եկել, որ ինչ-որ արվարձանում ապրի: Նավթի վառարան վառի, զուգարանի ճամփին ցեխ տրորի… Թերեզը քաղաքի բնակարան է ուզում, քաղաքի հարևան է ուզում, մի խոսքով` քաղաքում քաղաքաբնակի նման ապրել է ուզում: Ինչ ասես, որ չի ուզում Թերեզը: Եվ այդ ամենի մասին քրոջը նամակ գրել է ուզում:
Եվ Թերեզը հիմա գրելու բան չունի: Հասցե անգամ չունի: Հորեղբոր տանն է ապրում, ժամանակավոր է ապրում, և հորեղբոր հասցեն իր հասցեն չի: Հորեղբոր հարևանները իր հարևանները չեն: Ամուսնու առաջ դրած ճաշը` իր եփած ճաշը, իր եփածը չի: Մինչև անգամ ամուսինը` կաշկանդված-քաղաքավարի ճաշ ուտող ամուսինը, իր ամուսինը չի: Որովհետև Թերեզը տուն չունի: Այս օտար տանը ամուսնու գարեջուրը սառեցնելու համարձակություն չունի: Հարևանի տուն գնալու, հյուր կանչելու, հյուրասիրելու իրավունք չունի:
Ինչի՞ մասին գրի Թերեզը, եթե այսքան բան չունի:
Ուրեմն թող ներող լինի քույրը, որ Թերեզը իր նամակները մտքում է գրում: Ամեն օր բանավոր նոր նամակ է սկսում ու գրելը վաղվան է թողնում: Օրը շաբաթ է դառնում, շաբաթը` ամիս, բայց Թերեզը չի գրում, որովհետև նամակները մի տեսակ տխուր են ստացվում: Մի տեսակ շա՜տ են տխուր ստացվում:
…Թող որ համբերի քույրը, թող ամեն գնացող-եկողի հարցուփորձ չանի` ինչ է պատահել: Չի պատահել, Թերեզի քույրիկ: Ոչ մի վատ բան չի պատահել: Իրենք ողջ ու առողջ են, նույնն էլ ձեզ են կամենում: Մի քիչ ձախ գնաց գործը, ո՞ւմ հետ չի պատահում, ինչ մի գրելու բան է: Աստծով, մի օր էլ իրենք տուն կունենան…

Օշոյի առակները

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Այդ հայացքը ցույց էր տալիս,որ վարպետը շնորհակալ էր այդ պահի համար,այն ամենաչնչինի,որը հիմա նա ունի,նա գնահատում էր դա ` հասկանալով,որ կարող էր այդ պահին չունենալ այն,ինչ ուներ հիմա։
Առակը այն մարդկանց մասին էր,ովքեր ունակ են գնահատել պահն ու այն ամենը,ինչ ունեն այդ պահին։

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Իմ կարծիքով առակը մի միտք ուներ ` մենք այն ենք,ինչ տեսնում ենք մեր շուրջը,կամ մարդկանց մեջ,և միակը,որ կարող է մեզ վնասել,դա մենք ինքներս ենք։

Պայքար առանց կատաղության

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Վանո Սիրադեղյան-սիրելու տարիք

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց»

Ամեն տարի հետևում եմ, թե ինչպես են հազարավոր երիտասարդներ գրոհում բուհերը: Նրանց Ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում պատնեշը. այսինքն` հուզական,  հոգեբանական, բարոյական սարսափելի հարված ստանում:  

Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչու չենք խնայում երիտասարդ սերնդին, և ինչու պետք է նա ինքնուրույն կյանքը սթրեսով սկսի:

Անընդհատ բողոք եմ լսում դպրոցից, թե գործնական կյանքին չի պատրաստում, ներդաշնակորեն  զարգացած անձ, քաղաքացի չի դաստիարակում: Սպասում եմ` ով և երբ կբացատրի, թե ինչու դպրոցը հասարակության պահանջներին չի համապատասխանում: Բողոքում են գերբեռնվածությունից, անհաջող ծրագրերից, մեթոդներից… Սակայն դպրոցի, որպես համակարգի, գլխավոր հակասությունը չբացահայտված է մնում: Ընդ որում այն հիմնավորվել է այն ժամանակ, երբ  հեղափոխությունից հետո բոլոր տեսակի դպրոցներից հենց գիմնազիան աստիճանաբար դարձավ խորհրդային  դպրոցի նախատիպը:

Հետպատերազմյան քառասուն տարվա ընթացքում դպրոցը միայն «կոսմետիկ» փոփոխություններ է կրել (ուսուցումը` առանձին — միասնական, տասնմեկամյա — կրկին տասնամյա, պոլիտեխնիկական — կրկին սովորական, և այլն), բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի զննել նրա սխալ կառուցվածքի արմատը:

Ժամանակակից դպրոցի գլխավոր հակասությունն այն է, որ նրա զանգվածային բնույթը և աշխատանքային ուղղվածությունը չեն համընկնում արդեն իսկ հնացած «առարկաների» կամ այսպես կոչված «գիտության հիմունքների» ուսումնասիրության էլիտար-գիմնազիական սկզբունքներին: Այս հակասությանը նպաստում են, այսպես կոչված, դպրոցական «գիտությունների» բոլոր մասնագետները, և նրանք մինչև վերջին շունչը կպաշտպանեն իրենց «հիմունքներն» այն ծավալով, որ այսօրվա դրությամբ հաջողեցրել են ներքաշել դպրոց: Եվ բոլոր գրոհներն ու ճակատամարտերը «ժամերի» գծով են, որոնք մե՛կ կրճատում են, մե՛կ նորից վերադարձնում դպրոցական ծրագիր: Եվ ժողովրդական լուսավորության համակարգում չկա… ժողովրդական լուսավորության գծով մասնագետ, որ կարողանար գերատեսչական վեճերից վեր կանգնել խնդրի ընդհանուր լուծման համար՝ ինչ և ինչպես սովորեցնել: Իմ կարծիքով, այս հարցի լուծումը ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի դպրոցական բարեփոխումների փաստաթղթի բանաձևն է՝ դպրոցը պետք է կյանքին պատրաստի:

Մոռանանք գիմնազիայի փորձը և զուտ տեսականորեն նայենք, թե ինչ է նշանակում կյանքին պատրաստ լինել: Սա նշանակում է, որ պետք է ունենալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս հավասարազոր խմբի՝ գրագիտություն, էթիկա (բարոյագիտություն), էսթետիկա (գեղագիտություն), առողջություն (ֆիզիկական կուլտուրա):

Գրագիտություն: Սա միայն մայրենի լեզվով կարդալու և գրելու հմտությունը չէ: Սա նաև օտար լեզվի համարժեք իմացությունն է: Սա թվաբանական գրագիտությունն է: Սա համակարգչի հետ աշխատելու ունակությունն է, ծրագրավորման լեզու իմանալը:  Գիտությունների մասին ընդհանուր պատկերացում ունենալն է:

Բարոյագիտություն: Սա անձի դաստիարակությունն է հասարակության մեջ ապրելու համար: Աշխարհայացքի, վարքի, հասարակության մեջ կողմնորոշվելու, ինքնատիրապետման խնդիրներն են: Սա օրենքների և հասարակության սոցիալական նորմերի, որպես քաղաքացի` սեփական իրավունքների և պարտավորությունների իմացությունն է: Այստեղ նաև ընտանիքի խնդիրներն են:  Եվ սոցիալական գրագիտությունը (հասարակության մեջ ում, որտեղ և ինչպես դիմել կենսական խնդիրների լուծման նպատակով): Եթե առաջին խմբի համար դպրոցը սկզբունքորեն պատրաստ է, ուսուցման մեծ փորձ ունի, ապա երկրորդ խումբը գրեթե մշակված չէ: Օրինակ՝ քաղաքացիական զգացում դաստիարակելու համար գրականությունը հսկայական ազդեցություն ունի: Բայց այսօր ոչ թե գրականություն են դասավանդում, այլ գրականագիտության հիմունքներ, ավելի ճիշտ, թերթերի բանավեճերից դատելով, դասական ստեղծագործությունների «մշակումները»: Բայց երկրորդ խմբի համար գրականության դասավանդման այլ մոտեցում է պահանջվում. և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործությունները պետք է միայն հասարակության մեջ մարդու տեղի մասին մտածելու նյութ տան:

Գեղագիտություն: Սա բոլորովին չուսումնասիրված, չլուծված և գործնականում դպրոցում չսկսած աշխատանք է՝ երիտասարդի գեղագիտական զգացողությունը դաստիարակելը: Սա կրկին  գրականություն է, բայց նորից այլ տեսանկյունից՝ ուղղակի սովորեցնել գիրքը սիրել, կարդալու բուռն ցանկություն առաջացնել: Սա և՛ երաժշտություն է, երգ, և՛ նկարչություն, գծանկար, գեղանկարչություն: Եվ պար, իհարկե: Ընդհանուր առմամբ, գեղագիտական ողջ ոլորտը, առանց որի երիտասարդության դաստիարակությունը լիարժեք համարել չի կարելի:

Հեշտ է բացատրել, թե մեզանում ինչու է գեղագիտական դաստիարակությունն արհամարհված եղել: Գիմնազիայի աշակերտը նաև տնային դաստիարակություն է ստացել, օրիորդներն անպայման երգել են և դաշնամուր ծնգծնգացրել: Որպես պետական միասնական դպրոցի մոդել վերցված գիմնազիայում, բնականաբար, գեղագիտական խմբի համար տեղ չգտնվեց: Ժամերի ցանցը գրեթե անփոփոխ մնաց: Այստեղից էլ տարածված կարծիքը, որ գիմնազիայից «բարեկիրթ» մարդիկ են դուրս եկել, իսկ մեր միջնակարգ դպրոցից` չգիտես ինչու, ոչ այնքան:

Ֆիզիկական կուլտուրա: Հասկանալի է, որ ներդաշնակ զարգացած մարդը պետք է առողջ լինի, տիրապետի սեփական մարմնին, իմանա, թե ինչ է կատարվում իր օրգանիզմում, կարողանա առաջին բժշկական օգնություն ցուցաբերել ինքն իրեն և ուրիշներին: Այս խումբը բացարձակապես իրավահավասար է մնացած երեքի հետ, իսկ հետագա կյանքի համար՝ երևի ամենակարևորը: Չեմ հասկանում, թե ինչու են երեխաներին բժշկական ցուցանիշներով ազատում ֆիզկուլտուրայի դասերից, այն դեպքում, երբ վաղուց ի վեր գոյություն ունի բժշկական ֆիզկուլտուրա: Ոչ մի դպրոցական չպետք է զրկվի այդ պարապմունքներից, բայց յուրաքանչյուր աշակերտ անհատական ծրագրի իրավունք ունի: Եթե անգամ կաթվածահար մարդուն ֆիզիկական վարժություններով են բուժում, ապա տարօրինակ է երեխաներին կենսականորեն ամենաանհրաժեշտ շարժումներից ազատելը:

Բայց ուսուցիչը դպրոցում կարգայիններ չպետք է պատրաստի, նրա հիմնական խնդիրը տարածումը և աշակերտների առողջությունը պետք է լինի:  Ես անգամ կորակազրկեի այն ուսուցչին, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարզիկներին, որ իրենց բազան և իրենց մարզիչներն ունեն:

Տխրահռչակ տնային հանձնարարությունները պետք է չլինեն: Եթե ամեն օր մեկ դաս  նվիրվի յուրաքանչյուր խմբի առարկայի, ապա տնային հանձնարարության որևէ կարիք չի լինի: Շաբաթ օրը հարկավոր է տրամադրել ֆիզկուլտուրային, միգուցե, ճանաչողական էքսկուրսիաների և արշավների համադրությամբ: Արդարացի չէ երեխաներին շաբաթական վեց օրը ամենօրյա աշխատանքով ծանրաբեռնելը, երբ ծնողները հնգօրյակով են աշխատում:

8-9 տարի այսպիսի դպրոցում սովորելուց հետո (ավելիի կարիքը չկա) հասարակությունը լիարժեք «արտադրանք» կստանա՝ ներդաշնակ զարգացած անհատականություն: Բարոյագիտական (կամ ավելի լավ է ասել սոցիալական) շարքի շրջանակում վերջին տարում հատուկ ուշադրություն պետք է դարձվի մասնագիտական կողմնորոշմանը, որպեսզի 15-ամյա շրջանավարտը կարողանա գիտակցաբար ընտրել իր ապագա մասնագիտությունը:

Կհարցնեք` իսկ ուր մնաց գիտությունը՝ մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, պատմությունը, աշխարհագրությունը: Կարծում եմ, որ օրական մեկ ժամ, այսինքն` հինգերորդ դասը, բավական է այս բոլոր առարկաների համար:

Մեկ անգամ էլ նշեմ, որ նրանցից ոչ մեկը առանձին չի կարող հավասարեցվել (նշանակում է, նաև ժամերով  հավասարեցվել) վերը նշված խմբերին:

Այս դրույթը քննարկենք մաթեմատիկայի օրինակով: Այսօր այն դպրոցական ամբողջ ծրագրի հինգերորդ մասն է: Ինչ-որ մեկը կասի՞, թե ինչու: Ձեզանից` ոչ մաթեմատիկոսներից, ո՞վ է կենցաղում քառակուսի հավասարում լուծել: Ո՞վ է գոնե մեկ անգամ օգտվել եռանկյան ներքին անկյունների մասին թեորեմից: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում այն կորուստներից, որ բժշկություն, երաժշտություն, արհեստներ և այլն ուսումնասիրելու ժամանակ չունենալով` կրում են ամբողջ սերունդներ իրար հետևից: Որքան մաթեմատիկա որ պետք է կյանքի համար` այդքան էլ մանկական ժամանակ պետք է զբաղեցնի. ոչ ավելի, ոչ պակաս:

Միայն զանգվածային հիպնոսով կարող եմ բացատրել այն փաստը, որ տասնամյակներ շարունակ ոչ ոք չի վիճարկել այն կարծրատիպը, թե իբր մաթեմատիկան զարգացնում է դեդուկտիվ մտածողությունը, որը կենսականորեն անհրաժեշտ է բարեկիրթ մարդուն:  Չէ՞ որ այդպես չէ: Դեդուկտիվ մտածողությունը նրա մյուս տեսակների միայն փոքր մասն է կազմում: Եվ միայն տեսաբան-գիտնականների դեպքում է բացառություն: Նույնիսկ կիրառական մաթեմատիկայում է դեդուկտիվ մտածողությունը, որպես կանոն, խանգարում, ինչպես հստակ բացատրված է վերջերս լույս տեսած մենագրության մեջ, իսկ գլխավոր դերը ռացիոնալ մտածողությանն («առողջ միտքը») է:

Այժմ հայացք գցենք մաթեմատիկական գիտելիքների այսպես կոչված «համակարգին»: Որտեղի՞ց է այն երկրաչափությունը, որը դպրոցականները սովորում են: Հին Հունաստանից: Իսկ ի՞նչ հանրահաշիվ է, որով տանջում ենք երեխաներին: Դա 15-16-րդ դարերում է հորինվել: Վերջերս վիթխարի լարումով դպրոցներում ինտեգրալը ներդրեցին (գուցե շուտով հանեն): Սա էլ տասնյոթերորդ դարի ստեղծագործություն է: Ահա և վերջ: Կարծում եք, թե վերջին երեք հարյուր տարում մաթեմատիկան չի՞ զարգացել: Իհարկե, ոչ, վերջին երեք հարյուր տարին այդ գիտության ինտենսիվ զարգացման ժամանակն է, չափազանց հարուստ, գաղափարական, մշակութային…  Իսկ ո՞ւր են նրա բացահայտումները դպրոցական ծրագրում: Եվ ընդհանրապես, ի՞նչ «համակարգի» մասին ենք խոսում:

Եթե գրականության հետ համեմատենք, նույնն է, թե ուսումնասիրությունն ավարտենք բիլինաներով և մի քանի տարեգրությամբ: Էլ ինչո՞ւ այդ առարկան «գիտության հիմունքներ», «համակարգված գիտելիքներ» անվանենք:

Մոտավորապես նույն վիճակում են դպրոցական ֆիզիկան ու քիմիան, չնայած առանձին մասերի նկարագրական լինելու պատճառով դրանց դրությունն ավելի թեթև է: Եվ այնուամենայնիվ, մեզանից ո՞վ գիտի հավասարաչափ արագացող շարժման բանաձևը կամ ճարպերի տարրալուծման ռեակցիան: Ախր կյանքում պետք էլ չէ իմանալը…

Ըստ իս՝ ուսուցչի համար վիրավորական է. հինգ տարի երեխաներին բանաձևեր, ռեակցիաներ սովորել, խնդիրներ լուծել ստիպես, որ շրջանավարտն անմիջապես մոռանա և էլ երբեք չվերադառնա դրանց:

Կարծում եմ, որ շաբաթական մեկ դասը կբավականացներ, որ դպրոցականը պատկերացում ստանար մաթեմատիկայի մասին: Ուսումնասիրության «համակարգվածությունը» բացառվում է. դա միշտ կեղծ համակարգվածություն կլինի (ինչպես այսօր է): Այլ հատկապես՝ պատկերացում: Պետք են կենդանի, անկաշկանդ պատմություններ Լոբաչևսկու ոչ էվկլիդեսյան երկրաչափության, մեծ չափողականության (նույնիսկ անվեջ) տարածությունների մասին, հանրահաշվում համաչափության, էքստրեմումների մասին, հավասար պարագծերի մասին, անվերջության հիմնախնդիրների մասին և այլն: Հմուտ մատուցման դեպքում այս բոլոր թեմաները լրիվ հասանելի կլինեն 5-րդ դասարանից սկսած: Շատ թեմաներ կան նաև ցածր դասարանների համար՝ զարդանկարներ և եզրազարդեր, մանրահատակներ և բյուրեղներ, կանոնավոր բազմանկյուններ և բազմանիստեր… Մշակութային մակարդակը բարձրացնելուց բացի մաթեմատիկայի ուսուցումը ոչ մի այլ նպատակ չպետք է ունենա: Ե՛վ գնահատնիշն է այստեղ անտեղի, և՛ քննությունն է ուղղակի անթույլատրելի:

Շաբաթական մեկ ժամը բավական է դպրոցական ցանկացած «գիտության» մասին պատկերացում տալու, թեկուզ աչքի պոչով նրա հետաքրքրաշարժ պատկերներին նայելու հնարավորություն տալու և հետագայում ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու ցանկություն առաջացնելու համար:

Բարեկիրթ մարդը պետք է պատմություն իմանա: Բայց ոչ այնպես, ինչպես դպրոցում դասավանդում են՝ բազում մանրամասներ, ամեն ինչ չոր, ո՛չ մտքին, ո՛չ սրտին ոչինչ չասող. և ամբողջական պատկերացում չկա: Ուշադրություն դարձրեք, թե ինչ հետաքրքրություն է առաջացնում պատմավիպագրությունը, նույնիսկ ոչ լավագույն որակի: Ահա պատմության անհաջող դասավանդման ախտանիշը: Այսինքն՝ անցյալը մարդկանց հետաքրքրում է, բայց չոր դասագրքից ոչինչ չեն կարողանում վերցնել և ստիպված տեղեկություն են քաղում պատմավեպից, գրականությունից: Իսկ պատմական հարուստ գրականությունը դպրոցից դուրս է մնում:

Իհարկե, ոչ մի համակարգվածություն (գրականագիտական) չպետք է լինի նաև գրականություն դասավանդելիս. սովետական շրջանի գրողը ազատ կարող է դասականով փոխարինվել և հակառակը, տարբեր առիթներով, մի քանի անգամ:

Ինչ աշխարհագրությանն է վերաբերում, թող մասնագետներն ինձ ներեն, ես տիկին Պրոստոկովայի կարծիքին եմ: Ամեն դեպքում, երկրների և մայրցամաքների, կլիմայական գոտիների, հայտնի ճանապարհորդների, միջազգային առևտրի, տնտեսագիտական սկզբունքների մասին պատկերացում կազմելու համար տարվա ընթացքում մի քանի ակնարկ-պատմությունը լրիվ բավական է: Չի կարելի տասնամյակներ շարունակ ձևացնել, թե հեռուստատեսություն չկա: Իսկ գունավոր գիտա-հանրամատչելի ֆիլմը, ասենք՝ Իսլանդիայի մասին, կարելի՞ է համեմատել դասագրքի պարագրաֆի հետ, որի համար հատուկ գեղարվեստական լեզվին չտիրապետող հեղինակներ են փնտրել և գտել:

Գիտությունների մասին պատմությունները պետք է այնպիսին  լինեն, որ աշակերտն ինքը ցանկանա ավելին իմանալ իր ազատ ժամանակի հաշվին: Օրվա երկրորդ կեսում (երկարացված օր) ֆակուլտատիվ դասընթացների անսահման հնարավորություն է բացվում: Այստեղ անհրաժեշտ է կազմակերպել նաև աշխատանքային հմտությունների ուսուցումը (ոչ մասնագիտությունների): Պետք է, որ աշակերտը կարողանա նորոգել էլեկտրալարերի ցանցը, փոխել ծորակի միջադիրը, թռչնի բույն սարքել, կողպեք տեղադրել, ճաշ եփել և ասեղով աշխատել:

Կհարցնեն՝ իսկ բո՞ւհ ում ընդունեն: Որտեղի՞ց վերցնենք ճարտարագետներ, ուսուցիչներ, հասարակագետներ, ֆիզիկոսներ: Սա այլ հարց է, որը չի կարելի շփոթել դպրոցի հետ:

Ուսանողի թեկնածուների ընտրությունն այնքան կարևոր գործ է, որ չի կարելի վստահել լուսավորության նախարարությանը: Ուղղակի որովետև նրա խնդիրը չէ: Եվ քանի դեռ այդ նախարարությունը  կանգնած կլինի երիտասարդներին կյանքի՞ն, թե՞ բուհական հետագա ուսուցմանը պատրաստելու ճամփաբաժանին, նա երկու գործն էլ կտապալի: Նրա կոնտինգենտը վեցից մինչև տասնչորս տարեկան երեխաներն են: Նա պարտավոր է, որ նրանք առողջ, դաստիարակված, բարեկիրթ, հմուտ ավարտեն դպրոցը: Առանց սովորելու նկատմամբ զզվանքի: Ցանկալի է, որ որոշակի մասնագիտության կողմնորոշմամբ, հաշվի առնելով անձնական հետաքրքրությունները և կարողությունները:

Դրանից հետո գործի պետք է անցնեն մյուսները` պրոֆտեխուսուցման կոմիտեն, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը:

Դեռահասների հիմնական զանգվածն ընդունվում է ուսումնարաններ և տեխնիկումներ, որտեղ մասնագիտություն է ստանում: Այստեղ էլ հենց պետք է դասավանդել այն գիտությունների հիմունքները, որոնք պետք են այդ մասնագիտությանը: Եթե դպրոցն իր գործն արել է, ուրիշ առարկաներ պետք չեն: Միայն հատուկ գիտելիքներ՝ սկսած մանրամասներից, որ շատ լավ յուրացվեն: Հիմա տեխնիկումների շրջանավարտները ոչ լիարժեք մասնագետ են այն պատճառով, որ իրենց ուշադրությունը փոշիացնում են ոչ պետքական դպրոցական առարկաների վրա:

Այժմ, բարեփոխումից հետո, դպրոցի ավագ դասարանները հայտնվել են կեղծ իրավիճակում։ Փաստորեն նրանք մեկ խնդիր ունեն՝ պատրաստել բուհին, սակայն այդ խնդրիրը չեն լուծում:

Թույլ տվեք բուհերին, որ իրենք պատրաստեն իրենց ապագա ուսանողներին։ Ինչո՞ւ ամբողջ առաջին տարին ուսանողներից «դուրս մղենք» դպրոցական կրթության սխալները, դպրոցական մտածողությունը և ինչո՞ւ 17 տարեկաններին  այբուբենից սովորեցնենք աշխատել, երբ դա 15 տարեկաններին  սովորեցնելն ավելի հեշտ է։ Տարվա ընթացքում բուհերին հնարավորություն տվեք  իրենց թեստերի հիման վրա հավաքելու, ասենք, 300 մարդ ֆակուլտետի 200 տեղի համար, որպեսզի երկու տարի նախնական ուսուցում կազմակերպի։ Անվանեք այս երկու տարիների ուսումնառությունը «նախապատրաստական դասընթացներ» կամ ինչ որ ցանկանաք, օրինակ՝ քոլեջ։ Ահա թե որտեղ կսկսենք գիտության համակարգված ուսումնասիրությունը՝ սկզբից և մեզ անհրաժեշտ ձևերով։ Ուրիշ քաղաքներից եկած շնորհալի երեխաները կարող են ապրել բուհին կից գիշերօթիկում։ Համակարգիչն անընդհատ կվերահսկի թեկնածուների առաջընթացը և նրանց կդասավորի ըստ հաջողությունների։ Եվ, եթե հիմնական ուսանող դառնալու պահին, առանց քննությունների, աշակերտը 215-րդ համարը լինի, ցավագին չի լինի (ուսանող չդառնալը. ծանոթ.՝ խմբագրի), նա ինքը կհասկանա, որ իր սեփական հաջողությունները բավարար չեն։ Ինքնին վերանում են ընդունելության քննությունների վիճակախաղը, նևրոզները և ճակատագրերի փլուզումը։ Այս 215-րդ ուսանողը չի կորչում, պարզապես դառնում է թեքումով «հատուկ դպրոցի» շրջանավարտը, եթե խոսենք ժամանակակից լեզվով. բայց սա ոչ թե առասպելական «թեքում» է, այլ խորը գիտելիքներ, որ բավարար չեն բուհի համար, սակայն միջին օղակում աշխատելու համար բավարար են:

Փոխարենը բուհն ուսանողներ կստանա, որոնց ինքը լավ ճանաչում է և լիարժեք վստահում է։ Դա մասնակի կլուծի նաև դուրս թողնելու խնդիրը:

Անշուշտ, տեղերի որոշակի տոկոս պետք է թողնել «կողքից» դիմորդների համար։ Այստեղ քննությունը (և շատ խիստ), ուղղակի անհրաժեշտ է։ Բայց այդպիսի դիմորդը նախօրոք գիտի, թե ուր է գնում…

Այս ամենը մեր երիտասարդների՝ մեր ապագայի շինարարների, դաստիարակության և ուսուցման արդյունավետ և կազմակերպված համակարգ կլինի:

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Այն, ինչն ստիպված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կարող եք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։
Գ. Լիխթենբերգ «Աֆորիզմներ», Բեռլին. 1902-1906

Ամեն մի մարդկային իմացություն սկսում է հայեցություններից, դրանցից անցնում հասկացություններին և ավարտի հասնում հիմնասկզբունքներով։
Կանտ «Զուտ բանականության քննադատություն», երկեր, հատոր 3, Մոսկվա. 1961, էջ 591

Ես ջանացել եմ գրել այնպես, որ ուսումնասիրողը միշտ կարողանա տեսնել իր կողմից հետազոտվող աոարկաների ներքին հիմնակմախքը, որ կարողանա գտնել հայտնագործման աղբյուրը և հետևապես ամեն ինչից այնպես գլուխ հանել, ինչպես եթե ինքն այդ հնարած լիներ։
Լայբնից. “Mathematische Schriften” Հատ, VII, Բեռլին. 1880, Էջ 9

1. Դասավանդումը գիտություն չէ

Ես ձեզ կներկայացնեմ ուսուցման գործընթացի, դասավանդման արվեստի և դասավանդում սովորեցնելու վերաբերյալ իմ որոշ տեսակետները։

Այդ տեսակետները բազմամյա փորձի արգասիք են: Ընդհանուր առմամբ, անձնական տեսակետների արտահայտումը միշտ չէ որ տեղին է, ես չէի համարձակվի ձեզանից ժամանակ խլել, եթե դասավանդումը լիովին կարգավորվեր գիտական փաստերով և տեսությունններով։ Սակայն իրականության մեջ դա այդպես չէ։ Իմ կարծիքով՝ դասավանդումը նաև ընդամենը միայն գործնական հոգեբանության մի ճյուղը չէ (համենայն դեպս` ներկայումս)։

Դասավանդումը որոշակի կապի մեջ է ուսուցման հետ։ Ուսումնասիրման (նոր գիտելիքների ձեռքբերման) գործընթացի փորձարարական և տեսական հետազոտությունը հոգեբանության ընդարձակ և արդյունավետ զարգացող մի ճյուղն է։ Սակայն այժմ ես այլ բան նկատի ունեմ։ Այստեղ մենք գլխավորապես կզբաղվենք ուսուցման բարդ գործընթացներով, ինչպիսիք են հանրահաշվի ուսուցումը կամ մաթեմատիկայի մեթոդիկա սովորեցնելը, որոնք շաղկապված են երկարատև մանկավարժական ներգործությունների հետ։ Իսկ հոգեբանությունը հիմնականում զբաղվում է կարճատև, պարզեցված իրադրություններով և համարյա ողջ ուշադրությունը դրան է հատկացնում։ Արդ` հոգեբանությունը կարող է մեզ հետաքրքիր ինչ-որ բաներ հուշել, բայց դրանք մեզ հետաքրքրող առեղծների լուծման նշույլներ կլինեն միայն, որոնք վերջնական եզրակացության կայացմանը չեն հավակնի[2]։

2. Դասավանդման նպատակը

Մենք չենք կարող ուսուցչի գործողությունները գնահատել, եթե չգիտենք նրա նպատակը։ Սենք չենք կարող ուսուցման գործընթացը իմաստավորված կերպով քննարկել, քանի դեռ որոշակի համաձայնության չենք եկել այն բանի շուրջ, թե ո՛րն է դասավանդման նպատակը։

Ուզում եմ ավելի կոնկրետ լինել։ Ես այստեղ նկատի ունեմ միջին դպրոցի դասընթացի ծավալով մաթեմատիկայի դասավանդումը և «հնատարազ» գաղափարն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի նշված նպատակը` նախ և աոաջ (և դա անտարակույս ամենագլխավորն է) հարկ է երիտասարդությանը մտածել սովորեցնել։

Դա իմ հաստատ համոզմունքն է. դուք կարող եք այն լիովին չընդունել, բայց կարծում եմ`թեկուզ մասնակիորեն համաձայն եք դրան։ Եթե դուք չեք ընդունում մտածողական ընդունակության դաստիարակությունը որպես միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացի առաջնահերթ նպատակ, ապա գուցե այդ նպատակը երկրորդային եք համարում, անգամ այդ դեպքում հետագա վիճաբանությունների բեղմնավորության համար մենք բավականաչափ շփման կետեր կգտնենք։

«Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր է ջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնի մտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք։ Հնարավոր է` այդ նպատակն ավելի մանրամասն լուսաբանման կարիք ունի (դասավանդման հարցերին նվիրված իմ բոլոր տպագիր աշխատությունները կարող են նման լուսաբանում դիտվել)։ Այստեղ սակայն բավական է միայն երկու հանգամանք շեշտել:

Նախ`այն մտորումները, որոնց մասին խոսում ենք այստեղ, ոչ թե պարապ հերյուրանքներ են, այլ` «նպատակաուղղված մտորմունքներ» կամ «կամային մտորմունքներ» (Ուիլյամ Ջեյմս[3]). կամ «արգասավոր մտորմունքներ» (Մաքս Վերթհայմեր[4])։ Նման «մտորումները» կարելի է նույնացնել, գոնե առաջին մոտավորությամբ, «խնդիրների լուծման» հետ։ Եվ ես համարում եմ, որ միջին դպրոցում մաթեմատիկայի դասընթացի կարևորագույն նպատակներից մեկը սովորողների մոտ խնդիրներ լուծելու կարողություն զարգացնելն է։

Երկրորդ` մաթեմատիկական մտածողությունը չի կարելի զուտ «ձևական» համարել, այն խարսխված չէ միայն աքսիոմների, սահմանումների և խիստ ապացույցների վրա, այլ բացի դրանցից շատ ուրիշ բաներ է նաև ներգրավում, քննարկված դեպքերի ընդհանրացում, համանմանության օգտագործում, մի ինչ-որ կոնկրետ իրադրության մեջ մաթեմատիկական բովանդակության հայտաբերում կամ զատում։ Մաթեմատիկայի ուսուցիչը շատ հարմար առիթներ ունի` ծանոթացնելու իր աշակերտներին մտածողական գործընթացի այդ չափազանց կարևոր «ոչ ձևական» շրջաններին, և ինձ թվում է, թե նման առիթները նա պետք է որ ավելի լայն, շատ ավելի լայն օգտագործեր, քան դա անում է ներկայումս։ Այդ նույն միտքը հակիրճ, թեև ոչ լրիվ տեսքով արտահայտելով` կարելի է ասել` հարկավոր է բոլոր միջոցներով սովորեցնել ապացուցելու արվեստը` միաժամանակ չմոռանալով նաև կռահելու արվեստի մասին։

3. Դասավանդումն արվեստ է

Դասավանդումը ոչ թե գիտություն է, այլ` արվեստ։ Այդ կարծիքն արտահայտվել է այնքան մարդկանց կողմից և այնքան անգամ, որ նույնիսկ անհարմար եմ ինձ զգում՝ կրկնելով այն։ Սակայն, եթե թողնենք բավականին ծեծված ընդհանրացումները և անցնենք կոնկրետ մանրամասներին, ապա այդ մաշված ասույթը մեզ թույլ կտա ցայտուն կերպով լուսաբանել մեր մասնագիտության մեջ հանդիպող որոշ հնարքները։

Դասավանդումն, ակներևորեն, շատ ընդհանրություններ ունի թատերական արվեստի հետ։ Դիցուք` պահանջվում է ցուցադրել ձեր դասարանին մի ապացույց, որը հիանալի գիտեք, քանզի բազմիցս այն շարադրել եք անցած տարիներին այդ նույն առարկան վարելիս։ Իհարկե, այդ ապացույցը ձեզ այլևս չի կարող հետաքրքրել, բայց խնդրում եմ դասարանին դա ցույց մի՛ տվեք, եթե դասարանը նկատի, որ ձեզ համար դա ձանձրալի է, ապա այն իսկույն տաղտկալի կդառնա նաև բոլորի համար։ Ձեռնամուխ լինելով ապացույցին` աշխատեք հետաքրքրված երևալ, ապացույցի ընթացքում ձեռքից բաց մի՛ թողեք հետաքրքիր գաղափարների վրա սովորողների ուշադրությունն ուղղելու հնարավորությունը։ Ապացույցն ավարտելով` աշխատեք փոքր-ինչ զարմացած թվալ և սովորողներին հնարավորություն տվեք նկատելու ձեր բարձր տրամադրությունը։ Դուք պետք է մի փոքրիկ ներկայացում տաք այն սովորողների շահերից դրդված, որոնց քննարկվող հարցի նկատմամբ ձեր վերաբերմունքը կարող է ավելին ընձեռել, քան դրա բուն էությունը։

Պետք է խոստովանեմ, որ բավականություն եմ ստանում նման փոքրիկ ներկայացումներից` առանձնապես այժմ, երբ արդեն ծեր եմ և մաթեմատիկայի մեջ շատ հազվադեպ եմ ինչ-որ մի նոր բան հայտնաբերում. թատերախաղը, որտեղ անցյալում այս կամ այն մանրամասնի հայտնագործումը նմանակող տեսարան եմ ներկայացնում, փոքրիկ բավարարվածություն կարող է ինձ պատճառել։

Դասավանդումը (թեև դա պակաս նկատելի է) նաև երաժշտության հետ ինչ-որ ընդհանուր բան ունի[5]։ Դուք, իհարկե, գիտեք, որ ուսուցիչը հաճախակի ստիպված է լինում միևնույն առարկայի մասին խոսել ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք, չորս, հինգ անգամ… Սակայն միևնույն ասելիքի բազմաթիվ անգամներ, առանց ընդհատման և առանց ձայնի ելևէջի փոփոխման կրկնությունը կարող է ունկնդրին վանել պատմած նյութից և դրանով իսկ վնաս հասցնել այն նպատակին, հանուն որի կրկնվում եք։ Սովորե՛ք երգահաններից, թե ինչպես դա ավելի լավ անել։ Կարևորագույն երաժշտական ձևերից մեկն է «թեման տարափոխումներով (վարիացիաներով)»։ Մանկավարժություն փոխադրելով այդ երաժշտական ձևը` սկսեք ձեր ասելիքի շարադրանքից` դրա պարզագույն տեսքով, երկրորդ անգամ կրկնեք այն մի փոքր փոփոխությամբ, երրորդ անգամ նոր, ավելի վառ երանգներ ավելացրեք և այլն։ Ավարտելով`կարող եք վերադառնալ սկզբնական պարզ ձևակերպմանը։ Մեկ այլ, կարևոր երաժշտական ձև է «ռոնդոն»։ Մանկավարժություն փոխադրելով նաև այդ երաժշտական ձևը` ձեր հիմնական միտքը կրկնում եք մի քանի անգամ` փոքրիկ փոփոխություններով կամ բոլորովին առանց փոփոխությունների, սակայն միաժամանակ ներառնում եք կրկնումների միջև համապատասխան կերպով ընտրած ցուցադրական նյութը։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ Բեթհովենի թեման տարափոխումներով (վարիացիաներով) կամ Մոցարտի ռոնդոն լսելիս`փոքր–ինչ կմտածեք նաև դասավանդման մեթոդիկայի առեղծների մասին…

Ժամանակ առ ժամանակ դասավանդումը կարող է մոտենալ բանաստեղծական արվեստին, իսկ երբեմն` անպատկառությանը (ցինիզմին)։ Թույլ տվեք պատմել ձեզ մի փոքրիկ անցք մեծն Էնշտեյնի մասին։ Մի անգամ ներկա էի Էնշտեյնի հետ մի խումբ ֆիզիկոսների զրույցին։ «Ինչո՞ւ բոլոր էլեկտրոնները նույնական լիցք ունեն,- հարցը կրկնեց Էնշտեյնը։- Դե, լա՛վ, իսկ ինչո՞ւ այծի բոլոր թրիքագնդիկները նույն չափսն ունեն»։ Ինչպե՞ս կարող էր Էնշտեյնն իրեն թույլ տալ այդպես արտահայտվելու: Արդյո՞ք միմիայն բարձրաշխարհիկ (սնոբ) մի քանիսին շփոթեցնելու համար։ Չեմ կարծում, որ դա էր նրա նպատակը։ Հավանաբար, հիմքերն այստեղ ավելի խորն են։ Կարծում եմ` պատահականորեն իմ կողմից լսված դիտողությունն այնքան էլ պատահական չէր։ Այսպես թե այնպես` նշված դիտողությունից որոշ բան քաղեցի: Ինձ համար վերացարկումները լավ են, բայց բոլոր միջոցներն օգտագործեք այդ վերացարկումներն ավելի շոշափելի դարձնելու: Ձեր վերացական կառուցվածքները պարզեցնելու համար թող ոչինչ չթվա չափազանց լավ կամ չափազանց վատ, չափազանց բանաստեղծական կամ չափազանց ցածր։ Մոնտենն ասել է. «Ճշմարտությունն այնքան մեծ բան է, որ ոչինչ չպետք է արհամարհենք, ինչը ճշմարտությանն է հասցնում»։ Հետևապես, եթե նրբազգացությունը ձեզ թելադրում է, որ տեղին է դասարանի առջև մի քիչ բանաստեղծ կամ մի փոքր անպատկառ (ցինիկ) պատկերանալ, մի՛ հրաժարվեք դրանից` սխալ հասկացվող զսպվածությունից դրդված։

4. Ուսումնասիրման երեք սկզբունքները

Դասավանդումն արհեստ է, և ինչպես յուրաքանչյուր արհեստ` այն շատ հնարքներ և հնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամեն մի լավ ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ լավ ուսուցչից։

Ուսուցման յուրաքանչյուր արդյունավետ հնարքը պետք է համապատասխանի ուսումնասիրման որոշակի եղանակին։ Մենք այնքան էլ շատ բան չգիտենք այն մասին, թե ինչպես է ընթանում ուսումնասիրման գործընթացը, բայց դրա մի քանի ակնհայտ գծերի նույնիսկ ամենակոպիտ ուրվագիրը կարող է ցանկալի լույս սփռել դասավանդողի հնարքների վրա։ Թույլ տվեք ներկայացնել ձեզ այդ կոպիտ ուրվագիրը` ուսումնասիրման երեք «սկզբունքների» տեսքով։ Դրանց ձևակերպումը, ինչպես նաև այդ սկզբունքների ընտրությունն ինձ են պատկանում, սակայն այդ սկզբունքներն ինքնին ոչ մի դեպքում նոր չեն։ Դրանք ամենատարբեր տեսքերով բազմիցս ձևակերպվել են ավելի վաղ, դրանք բազմադարյան փորձաոությունից են ծնված, մեծ մարդկանց դատողություններով են հաստատված և, բացի այդ, թելադրված են ուսումնասիրման գործընթացի հոգեբանական կողմի հետազոտմամբ։ Այդ «ուսումնասիրման սկզբունքները» կարող են դիտվել նաև որպես «ուսուցման սկզբունքներ», սա է գլխավոր փաստարկը` վերջիններս հենց այստեղ պարզաբանելու օգտին, սակայն ավելի մանրամասն կասեմ այդ մասին ավելի ուշ։

1. Եռանդուն ուսումնասիրում
Հաճախ և տարբեր կերպ ասվել է, որ ուսումնասիրումը պետք է լինի եռանդուն և ոչ թե կրավորական կամ ռեցեպտիվ, այսինքն` միմիայն ընկալման վրա հիմնված, սահմանափակվելով գրքերի ընթերցմամբ, դասախոսությունների ունկնդրմամբ կամ կինոնկարների դիտմամբ, ինչը չի ուղեկցվում սեփական բանականության եռանդուն գործունեությամբ, հազիվ թե կարողանաք որևէ բան ուսամնասիրել և անկասկած չեք կարողանա շատ բան ուսումնասիրել։
Կա ևս մեկ, հաճախ ձևակերպվող (և վերը նշվածին մոտ) կարծիք. «Ինչ-որ մի բան ուսումնասիրելու լավագույն եղանակն է ինքնու­րույն հայտնաբերելը»: Լիխթենբերգը (18-րդ դարի գերմանացի ֆիզիկոս, ավելի հայտնի որպես ասույթներ հորինող) այստեղ մի հետաքրքիր բնորոշ գիծ է ավելացնում. «Այն, ինչը հարկադրված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կկարողանաք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունը կառաջանա»: Պակաս գունեղ, բայց գուցե և ավելի լայն կիրաոելի է հետևյալ ձևակերպումը. «Որպեսզի ուսումնասիրումն ավելի գործուն լինի, սովորողը պետք է ինքնուրույն հայտնաբերի ուսումնա­սիրվող նյութի առավել մեծ մասը, որը հնարավոր է տվյալ հանգամանքներում»։
Դրան է հանգում եռանդուն ուսումնասիրման սկզբունքը (Principle of active learning. Arbeitsprinzip)։ Սկզբունքն այդ շատ հին է. այն դրված է «Սոկրատեսի մեթոդ» գաղափարի հիմքում։

2. Լավագույն շարժառիթ
Մենք ասում էինք, որ ուսումնասիրումը պետք է եռանդուն (գործուն) լինի, բայց սովորողը եռանդունություն հանդես չի բերի, եթե դրա դրդապատճառը չունենա։ Նա պետք է մտավոր եռանդունության դրդվի մի որևէ շարժառիթով, օրինակ` պարգև ստանալու հույսով։ Սակայն ուսման համար ամենալավ շարժառիթը հետաքրքրությունն է, որը սովորողի մոտ առաջացնում է ուսումնասիրվող նյութը, իսկ լարված մտավոր գործունեության համար լավագույն պարգևը նման գործունեությունից ստացված բավականությունն է։ Իսկ եթե այդ ամենալավը ունենք, ի՞նչ, այնժամ պետք է ջանանք փոխարինելու այն մի ինչ-որ լավ կամ նույնիսկ սոսկ բավականաչափ լավ բանո՞վ. պետք չէ մոռանալ նաև ուսումնասիրման այլ շարժառիթների մասին՝ զուտ ներքիններից բացի։
Սովորողը ուսումնասիրման գործունության համար պետք է հետաքրքրվի ուսումնասիրվող նյութով, հաճույք ստանա ուսումնասիրման բուն գործընթացից։ Սակայն ուսումնասիրման այդ ամենալավ շարժառիթներից բացի կան նաև ուրիշներ, որոնց մի մասը կարելի է ցանկալի համարել (սովորել չցանկանալու համար պատիժը գուցե վատագույնն է սովորողի աշխատանքի խթանման կիրառվող մեթոդներից)։
Այս պնդումն անվանենք լավագույն շարժառիթի սկզբունք։

3. Ուսումնասիրման փուլերի հաջորդականություն
Սկսենք Կանտի հաճախ մեջբերվող ասույթից. «Ամեն մի մարդկային իմացություն սկսում է հայեցություններից, դրանցից անցնում հասկացություններին և ավարտի հասնում հիմնասկզբունքներով»: Այս մտքի հայերեն թարգմանության մեջ գործածվում են հետևյալ եզրերը` «հայեցություն», «հասկացություն», «հիմնասկզբունք»։ Ես ի վիճակի չեմ (արդյո՞ք ի վիճակի է ուրիշ որևէ մեկը) վերծանելու ճշգրիտ իմաստը, որը Կանտն է ներդնում այս եզրերի մեջ, սակայն ձեր թույլտվությունն եմ խնդրում`այստեղ շարադրելու Կանտի հռչակավոր ասույթի իմ սեփական ըմբռնումը. ուսումնասիրումն սկսվում է ներգործությունից և ընկալումից, դրանցից անցնում բառերին և հասկացություններին և պետք է ավարտվի մտավոր կերտվածքի ինչ-որ նոր աոանձնահատկությունների դաստիարակմամբ։

Որպես սկիզբ` այս ասույթի իմ մեկնաբանման մեջ մտնող եզրերը ղիտարկեք, խնդրեմ, այն իմաստով, որն ի վիճակի եք սեփական փորձից օրինակներով լուսաբանելու (դրդել ձեզ մտաբերելու սեփական փորձը. ահա նպատակներից մեկը, որին ձգտում եմ)։ «Ուսումնասիրումը» պետք է ձեզ հիշեցնի դասարանը, որտեղ գտնվել եք իբրև սովորող կամ ուսուցիչ: «Ներգործությունը և ընկալումը» պետք է ձեր մեջ մտապատկեր զարթնեցնի կոնկրետ առարկաներով (մանր քարերով կամ խնձորներով, կարկինով և քանոնով, լաբորատոր գործիքներով և այլն) աշխատանքի և այդ առարկաների դիտումների մասին։

Եզրերի նման կոնկրետ մեկնությունը հեշտ և բնական կերպով է ընթանում, երբ մտածում ենք այս կամ այն պարզ, տարրական առարկաների մասին։ Սակայն ժամանակի ընթացքում կարելի է սովորել նման փուլերն առանձնացնելու` նաև ավելի բարդ նյութերով աշխատելիս։ Պայմանադրվենք տարբերել աշխատանքի երեք փուլ`հետազոտման փուլ, ձևականացման (ֆորմալիզացման) փուլ և յուրացման փուլ:

Աոաջինը` հետազոտման փուլը, ամենից ավելի մոտ է ներգործությանն ու ընկալմանը և ծավալվում է նախ և առաջ ներըմբռնողական կամ էվրիսթիկ (ճշմարտաբանական) մակարդակում:

Երկրորդը՝ ձևականացման (ֆորմալիզացման) փուլը, որը կապված է եզրաբանության, սահմանումների և ապացույցների հետ, հասնում է ավելի բարձր` հասկացությունների մակարդակին։

Երրորդը՝ յուրացման փուլր, վերջինն է, այն համապատասխանում է առեղծի «ներքին էությունը» ըմբռնելու փորձին, ուսումնասիրվող նյութն այս փուլում պետք է յուրացվի սովորողի կողմից, պետք է նրա գիտելիքների համակարգի մեջ մտնի, ընդլայնի նրա մտահորիզոնը. այս փուլը ճանապարհ է հարթում դեպի կիրառումները` մի կողմից, և դեպի ընդհանրացումներն ավելի բարձր մակարդակում`մյուս կողմից։

Ամփոփենք։ Ուսումնասիրման գործընթացի արդյունավետության համար հետազոտման փուլը պետք է նախորդի հասկացությունների բառային ձևակերպման և կազմման փուլին, իսկ ուսումնասիրված նյութը վերջում պետք է լրացնի սովորողի գիտելիքների ընդհանուր պաշարը՝ նպաստելով նրա մտավոր մակարդակի բարձրացմանը։

Այսպիսին է հաջորդական փուլերի սկզբունքը։

5. Ուսուցման երեք սկզբունքները

Ուսուցիչը պետք է ծանոթ լինի, թե ինչպես է ընթանում ուսումնասիրման գործընթացը։ Նա պետք է խուսափի գիտելիքների ձեռքբերման անարդյունավետ ճանապարհներից և օգտագործի արդյունավետ եղանակների առավելությունները։ Այդ նպատակով նա հաջողությամբ կարող է օգտագործել այն երեք սկզբունքները, որոնք հենց նոր դիտարկեցինք, այսինքն` եռանդուն ուսումնասիրման սկզբունքը, լավագույն շարժառիթի սկզբունքը և հա­ջորդական փուլերի սկզբունքը, ուսումնասիրման նշված երեք սկզբունքները միաժամանակ նաև ուսուցման երեք սկզբունքներն են։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի անհրաժեշտ պայման, որպեսզի այս սկզբունքներից օգուտ քաղի, ուսուցիչը դրանց պիտի ծանոթ լինի ո՛չ միայն լսածի հիման վրա. նա պետք է խորապես վերապրի դրանք իր անձնական, լավ իմաստավորված փորձով։

1. Եռանդուն ուսումնասիրում
Այն, ինչ պատմում է ուսուցիչը դասարանում, իհարկե, կարևոր է, բայց հազար անգամ ավելի կարևոր է այն, ինչ մտածում են սովորողները։ Գաղափարները պետք է սաղմնավորվեն սովորողների մտքում, իսկ ուսուցչի դերն այս գործընթացում կարելի է համեմատել մանկաբարձուհու դերի հետ: Սա է Սոկրատեսի դասական խրատը և դրան ամենից լավ համապատասխանող ուսուցման ձևը սոկրատեսյան երկխոսությունն է: Դպրոցական ուսուցիչը որոշակի առավելություն ունի բուհական դասախոսի նկատմամբ, քանի որ շատ ավելի լայնորեն կարող է կիրարկել երկխոսության ձևը։ Բայց, ցավոք սրտի, միջին դպրոցում ևս որոշակի նյութ անցնելու համար հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, այնպես որ երկխոսության ձևով ողջ դասը վարելն անհնար է։ Սակայն մեր հին սկզբունքն ուժի մեջ է` թողեք հենց իրենց` սովորողներին` հայտնաբերել տվյալ հանգամանքներում առավելագույն հնարավորը։
Ես համոզված եմ, որ այդ առումով կարելի է անել շատ ավելին, քան սովորաբար արվում է։ Թույլ տվեք ձեզ հանձնարարել մի փոքրիկ հնարք. սովորողներին հնարավորություն ընձեռեք մասնակցելու այն խնդրի կազմմանը, որը նրանք պետք է լուծեն։ Եթե սովորողներն իրենց ավանդն են ներդրել խնդրի առաջադրելուն, ապա նրանք շատ ավելի եռանդուն կաշխատեն վերջինիս լուծման վրա։
Նշեմ, որ գիտնականի աշխատանքում ևս խնդրի առաջադրումը կարող է հայտնագործության առավել արժեքավոր մասը լինել: Խնդրի լուծումը շատ հաճախ պահանջում է պակաս ներթափանցում գործի էության մեջ և մտածողության պակաս ինքնօրինակություն, քան խնդրի ձևակերպումը։ Այսպիսով`սովորողներին հնարավորություն տալով իրենց ավանդը ներդնելու խնդրի նպատակահարմար պայմանը գտնելու մեջ, դուք ոչ միայն դրդում եք նրանց ավելի հաստատակամորեն աշխատելու, այլև նրանց մեջ մտածողության ցանկալի կերտվածք եք զարգացնում:

2. Լավագույն շարժառիթ
Ուսուցիչը պետք է իրեն համարի մի հանձնակատար, որը ցանկանում է պատանյակներին մի քիչ մաթեմատիկա «վաճառել»։ Բայց եթե հանձնակատարը իրացման խնդրում դժվարություններ է կրում, և նրա ապրանքը դրած է մնում, որովհետև հաճախորդները հրաժարվում են այն գնելուց, ապա նա չպետք է ամեն ինչում գնորդներին մեղադրի։ Հիշեցե՛ք, որ գնորդը միշտ իրավացի է`սկզբունքորեն, իսկ երբեմն և` գործնականորեն։ Երիտասարդը, որը հրաժարվում է մաթեմատիկա սովորելուց, գուցե և իրավացի է։ Պարտադիր չէ, որ ձեր սովորողը ծույլ կամ տխմար լինի`պարզապես նրան կարող է հետաքրքրել լրիվ այլ մի բան։ Ախր աշխարհում այնքա՜ն հետաքրքիր բան կա։ Եվ որպես ուսուցիչ, որպես գիտելիքներ մատակարարող՝ ձեր պարտքն է սովորողի մեջ հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի նկատմամբ, ցուցադրել նրան քննարկվող հարցի նրբագեղությունը և գեղեցկությունը, ստիպել նրան` հասկանալու, որ չի զղջա` ձեր առաջարկած խնդրի վրա ջանքեր թափելով։
Հետևապես` ուսուցիչը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի խնդրի ընտրությանը, դրա ձևակերպմանը և այն բանին, թե ինչպես վերջինս ավելի լավ մատուցի։ Խնդիրը պետք է իմաստալից տեսք ունենա ոչ միայն ուսուցչի, այլև սովորողի դիրքից։ Ցանկալի է, որ այն կապված լինի սովորողների առօրյա փորձի հետ, լավ է նաև, եթե խնդրի առաջադրումը կապակցվում է որևէ կատակի, բառախաղի կամ փոքրիկ պարադոքսի հետ։ Խնդիրը կարելի է նաև սկսել սովորողներին քաջ հայտնի մի փաստից, լավ է, եթե այն ընդսմին ընդհանուր հետաքրքրություն կամ կիրառումների հնարավորություն ներկայացնող ինչ-որ բան պարունակի։ Եթե կամենում ենք սովորողի ստեղծագործական ջանքերը խթանել, ապա պարտավոր ենք ինչ-որ հիմունքներ տալ նրան` ենթադրելու, որ նրա այդ ջանքերն ապարդյուն չեն կորչի։
Հատկապես սովորողի հետաքրքրությունն է նրա աշխատանքի լավագույն շարժառիթը։ Սակայն կան նաև այլ շարժառիթներ, որոնք չպետք է արհամարհել։ Թույլ տվեք ձեզ մի փոքրիկ խորամանկություն խորհուրդ տալ։ Նախքան սովորողները ձեռնամուխ կլինեն աշխատանքին` առաջարկեք նրանց կռահել արդյունքը կամ նույնիսկ դրա մի ինչ-որ մասը։ Որոշակի հիպոթեզ արտահայտած սովորողը դրանով իսկ իրեն կաշկանդում է` նրա հեղինակությունն ու սեփական արժանապատվության զգացումն ինչ-որ չափով այժմ կախված են գործի վախճանից, և նա անհամբեր ուզում է իմանալ` արդյո՞ք իր կռահումր ճիշտ կլինի, թե ոչ: Նա իր խնդրով և դասարանի աշխատանքով եռանդուն կերպով կհետաքրքրվի, նա չի քնի և ուշադրությունն այլ բանի վրա չի շեղի։
Նշեմ, որ գիտնականի աշխատանքում ևս կռահումը համարյա միշտ նախորդում է ապացույցին։ Այսպիսով` առաջարկելով սովորողներին կռահել արդյունքը` դուք դարձյալ ոչ միայն դրդում եք նրանց ավելի լարված աշխատելու, այլև նպաստում եք նրանց խելքի ցանկալի կերտվածքի կազմավորմանը։

3. Հաջորդական փուլեր

Մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի հիմնական թերությունն այն է, որ դրանցում պարունակվող խնդիրների հավաքածուն, սովորաբար, գրեթե բացառապես բաղկացած է քարացած նմուշներից։ Քարացած օրինակը կիրառման նեղ շրջանով մի օրինակ է. այն որևէ կանոնի լուսաբանումն է և միայն այդ կանոնի կիրառման գործնականն է ապահովում։ Նման քարացած օրինակները, հնարավոր է` օգտակար են և նույնիսկ անհրաժեշտ` դա ես չեմ ժխտում, սակայն այստեղ բացակայում են ուսուցման երկու կարևոր փուլերը` հետազոտման փուլը և յուրացման փուլը։ Այդ երկու փուլերն էլ նպատակ ունեն` դիտարկվող խնդիրը կապակցելու շրջապատող իրականության և ավելի վաղ ձեռքբերած գիտելիքների հետ: Առաջին փուլը` մինչև ձևական լուծումը գտնելը, երկրորդը` դրանից հետո։ Իսկ քարացած խնդիրն ակնհայտորեն կապակցված է միայն որոշակի մի կանոնի հետ, նրա կոչումն է` որևէ կանոնի լուսաբանմանը ծառայելը, և հազիվ թե նման խնդիրն ինչ-որ մի այլ բանի հետ առնչություն ունենա, այնպես որ այս դեպքում ավելի հեռավոր կապերի որոնումները դժվար թե օգտավետ լինեն։ Ի հակադրություն նման քարացած խնդիրների` միջին դպրոցը պետք է տրամադրի սովորողներին (գոնե ժամանակ առ ժամանակ) ավելի խորը, հարուստ, հետագա մշակման արժանի հետին պլան ունեցող, ինչպես նաև` գիտական աշխատանքի համը ճաշակելու հնարավորություն տվող խնդիրներ։
Ահա՛ մի փոքրիկ գործնական խորհուրդ` եթե խնդիրը, որը պատրաստվում եք դասարանում քննարկելու, այդ նպատակին հարմար է, ապա առաջարկեք սովորողներին` սկզբից ինչ-որ մի նախնական հետազոտում անցկացնել, դա խնդրի նաև ձևական լուծումը ստանալու ախորժակը կգրգռի։ Եվ չմոռանաք մի փոքր ժամանակ թողնել ստացված արդյունքների քննարկման համար, դա ձեզ կօգնի նաև հետագայում` ուրիշ խնդիրների լուծման ժամանակ։

4. Այս` շատ առումներով խիստ թերի քննարկմամբ ստիպված եմ սահմանափակելու ուսուցման երեք սկզբունքների` եռանդուն ուսումնասիրման, լավագույն շարժառիթի և հաջորդական փուլերի իմ վերլուծությունը։ Ինձ թվում է, որ այս սկզբունքները պետք է օրգանապես մտնեն ուսուցչի ամենօրյա աշխատանքի բոլոր տարրերի մեջ և կարող կլինեն լրջորեն օգնել նրան` իր աշխատանքում։ Կարծում եմ նաև, որ այդ երեք սկզբունքներից է անհրաժեշտ ելնել`ուսումնական դասընթացը ծրագրավորելիս, այդ դասընթացի յուրաքանչյուր առարկայի և առանձին առարկայի ծրագրում յուրաքանչյուր բաժնի ծրագիրը կազմելիս։
Եվ այնուամենայնիվ, բնավ չեմ պատրաստվում պնդել, որ այդ սկզբունքներն անվերապահորեն պետք է ընդունեք, չէ՛ որ դրանք բխում են տեսակետների որոշակի համակարգից, որոշակի տեսանկյունից, մինչդեռ ձեր տեսակետը կարող է բոլորովին այլ լինել։ Բայց ուսուցման գործում (ասենք`բավականին հաճախ և կյանքում) այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսին է ձեր տեսակետն իրականում, շատ ավելի կարևոր է, թե ունե՛ք արդյոք ընդհանրապես մի տեսակետ տվյալ առարկայի վերաբերյալ, թե նման տեսակետ չունեք բոլորովին։ Եվ շատ կարևոր է, թե որքա՛ն եռանդուն կերպով եք աշխատում` կենսագործելու սեփական տեսակետը։ Ամբողջապես ժխտում եմ միայն այն սկզբունքները, որոնց չի հետևում հենց ի՛նքը` դրանք քարոզող անձնավորությունը։

Անլուրջ մանկավարժություն։ Յանուշ Կորչակ

Դու, իհարկե, ո´չ չարամիտ ես, ո´չ էլ աղմկարար: Դու բռնկուն ես և պոռթկուն: Օ՜, խոստովանում եմ` ես էլ, ես նույնպես այդպիսին եմ:
Հիշում եմ, երբ քո տարիքին էի, անվերադարձ ծանոթացա դասընկերոջս հետ, իսկ հետո տեսա, որ գործերս վատ են. անպիտան, ստախոս, ծույլ մեկն է: Ուզում եմ բաժանվել նրանից, իսկ նա կպել է, ինչպես կոկոծ: Ի՞նչ անել: Ես նրան ասում եմ. «Այսպես, այսպես, դու այսպիսին ես, անջատվիր ինձանից»: Իսկ նա ծիծաղում է և չի նեղանում: Իմ ասածը միայն կատակի է վերածում. մեկ ոտ է պահում, մեկ գլխարկս է գլխիցս հանում, մեկ էլ` հրում: Ես կարող եմ նրա հետ այլ կերպ վարվել, այնինչ նա ձյունը լցնում է օձիքիցս ներս: Աչքերիս առաջ սևացավ: Ինչ լինում է, թող լինի: Դուրս կվռնդեն դպրոցից, թող վռնդեն, Սիբիր կաքսորեն, թող աքսորեն, կախաղան, թեկուզ կախաղան: Եվ նա էր հիմարացել, և ուսուցիչը: Իսկ ես մռութին էի հասցնում, մեջքին, վզին… Ո՞վ է մեղավոր: Հիմա ես կարցերում եմ, վարքս երկուս է, իսկ տանը… Դե ծնողներիս կանչեցին:
Այդպես էլ մինչև հիմա թպրտում եմ: Իսկ ինչու՞: Բռնկուն եմ: Ոչ կին ունեմ, ոչ թոռ: Իմ ազգականներից մեկը հասարակության մեջ դիրք ունի, մյուսը թոշակ է ստանում և տնամերձ հողամասով տուն ունի: Ով մահացել է, գոնե այրի ունի, ծաղիկներ են բերում գերեզմանին, իսկ ես մենակ եմ, բոլորովին մենակ թպրտում եմ իմ այս արատով: Ես ինձ համար պատիժ մտածեցի` ապաշխարանքը: Հենց աղմուկ եմ բարձրացնում, տրամվայի պտտվող երթուղով երեք անգամ պետք է կտրեմ անցնեմ ամբողջ Վարշավան: Կամ կես օր ինձ ծխել չի կարելի:
Բայց պոռթկման ժամանակ կարելի է նաև խելացի բաներ անել, այդ դեպքում դա նույնիսկ դրական հատկանիշ է: Օրինակ` պոռթկումի պահին սեղմում ես ատամներդ ու …, կառչում ես գիտությունից: Բայց պետք է հետևես քեզ, որովհետև կռիվներին, սկանդալներինՙ մեկը կրակում է, մյուսը` խմում, բարկանում ես, գալիս է պահը, և թեկուզ հանցագործ չես, բայց անվերադարձ և անզգուշաբար ընկնում ես փորձանքի մեջ: Այո´, այո´… Ինչ-որ մեկի քարտը չի բացվում, նա սրտանց շպրտում է քարտերը և այլևս չի խաղում, իսկ մի ուրիշը ընկնում է ծուղակը և կրկնապատկում է խաղագումարը: Այո´, եղբա´յր, պետք է հետևես ինքդ քեզ:
Մի անգամ ինձ մոտ մի մայր եկավ. նա երեք տղա ուներ: Երեխաները մաքուր էին, ինչպես բյուրեղի կաթիլներ. մեկը մեկից կրակի կտոր: Եվ ի՞նչ:
Այտուցներ, մազափնջեր, հարված կերած աչքեր, կապտուկներ, աթոռներ, թանաք, իսկ հարևանները բողոքում էին: Նրանց մայրը մատներն է կոտրատում և ասում, «Օգնի~ր, հոգեբա´ն»: Շարք կանգնեցրի նրանց և հետևում եմ: Իսկ նրանք. «Այդ նա էր սկսել, իսկ ես ի’նչ, պետք է լռեի՞: Նա առաջինն էր»: Հարցնում եմ, թե շաբաթվա ընթացքում քանի անգամ են կռվել: Չգիտեն, չէին հաշվել: Այդպես ճիշտ չէ, պետք է հաշվել միավորները:
Ամենափոքր վեճը մեկ միավոր է, միջինը` երկու, ուժեղ կռիվը` երեք: Որքա՞ն է ձեզ անհրաժեշտ կիրակիից մինչև մյուս կիրակի: Գրել և հաշվել: Եթե հավաքեք տասը միավոր, նշանակում է միջին հաշվով հինգ կռիվ է եղել: Եվ ի՞նչ: Ցանկացար կռվել, բայց միանգամից մտածում ես` ո´չ, մեղք են, շաբաթը դեռ նոր է սկսվել, խնայեմ, թողնեմ կռիվները սև օրվան: Եվ ինքդ քեզ ասում ես. «Այսօր չէ: Վաղը ես նրան կմորթեմ»:
Սարսափելիորեն ուզում ես մեկին «մորթել», բայց հետաձգում ես, որովհետև գտնում ես, որ չես ուզում հաշիվը խախտել: Դու դեռ չես կռվել այս շաբաթ. չես ցանկանում զրկվել հիպոտեքից: Ահա արդեն չորեքշաբթի է, իսկ դու հինգ կռվի իրավունք ունես: Նորից. նա առաջինը սկսեց, խանգարեց, վիրավորեց, եթե ես չսկսեի, ինքն էր սկսելու, իսկ ինչո՞ւ լռել: Բայց քեզուքեզ մտածում ես. չէ՞ որ տոն օրերին ավելի հեշտ է, զբաղված են այսպես, թե այնպես, բայց, ոչինչ, բոլոր միավորները կթողնենք կիրակի օրվան: Կամ արդեն հետաձգել ես, և հանկարծ ընդհատում ես կռիվը, որ այն համարվի միջին, այլ ոչ թե խիստ: Կամ էլ հարմար է կիրակին, իսկ դու մտածում ես. «Հետո ինչ՞, ինչո՞ւ»: Հանգստանում ես, հավաքվում, կոփում ես բնավորությունդ: Եվ այդ չօգտագործված կռիվները հետձգում ես, ինչպես օրինակ, խնայողական դրամարկղում կուտակում ես անում լավ օրերի համար, իսկ ինքդ մտածում ես. «Ավելի լավ է մի անգամ կռվել այնպես, ինչպես պահանջվում է, քան երեք անգամ` մի կերպ»: Զնգզնգացնում ես այդ խնայած կռիվներդ, ինչպես գիտակցության ու ինքնատիրապետման ոսկե մանրադրամները: Ու˜խ, բերանիդ ջրերը գնում են, որքան ես դու ուզում կռվել (դու բռնկուն ես): Բայց, ո´չ, ի՞նչ իմաստ ունի: Մի օգուտ կա, որ նա կստանա, նա էլ: Բայց դու էլ կստանաս:
Երկրորդ միջոցը (իսկ առաջինը` հաշվելն էր) հայելին է:
Բանալիի օգնությամբ փակվում ես սենյակում և հայելու առաջ բեմականացնում ես երևակայության թատրոն: Ստեղծում ես վիրավորված, չար դեմք և՝ «փախի´ր, քանի չես բռնվել»: Եվ հայելու առաջ հաճույքի համար «կռիվ ես սարքում»: Եվ նայում ես: Նայում ես և օդը բռունցքներով ու ձեռքերով հարվածում: Քամի ես անում, թե չես անում, հիմար ես, թե հիմար չես: Հարվածներ, ֆինտեր, թեքումներ: Աչքերը` ինչպես ակնախոռոչներ, քիթը քրտնած, ատամները, հարվածները, ցատկերը` ինչպես էշ, էլ ուժ չկա, բայց ուզում ես, թե չէ, արդեն հանձն ես առել: Իսկ կռվից հետո ի՞նչ: Նայի´ր հայելու մեջ, դե´: Զարմացած դեմք, մի քիչ ավելի հիմար, ինչպես պարտվողինը: Ուղղվում ես, ձգվում, կոճկվում, նայում ես հետ, անճոռնի, ծիծաղելի, փքված, ցնցված: Ասացվածքն իզուր չի ասում. «Չարությունը գեղեցկության թշնամին է»:
Համեմատական դիտարկում՝ շներ և աքլորներ: Դու կռվից հետո գլուխդ ես կախում, իսկ նա՝ պոչը, դու կոճակներդ ես կորցրել կամ պատռվածքներ կան թևերիդ, դու քեզ ես թափ տալիս, խեղճ ու նիհարած, աքաղաղն էլ իրեն:
Առաջին միջոցը միավորները հաշվելն է, երկրորդը` հայելին, երրորդը`սուբլիմացիան: Քեզ չի սազում կռվել այնպես, ինչպես աղջկան է վայել: Բայց դու կարող ես կռվել որպես տղա: Նրանք խոսում են արագ, նույնպես կարմրում են, նույնպես քթերը փայլում են, աչքերը՝ նույնպես, ինչպես ակնախոռոչներ, և այլն, և այլն, իսկ վերջում. «Չեմ կռվի քեզ հետ, ոչ մի դեպքում քեզ չեմ պատասխանի»: Իսկ տղան կռվում է այլ կերպ: Այդ ուրիշը սկսում է, «Վախեցա՞ր, դե´ փորձի´ր, վախենո՞ւմ ես»: Իսկ դու հագնում ես հեգնանքի դիմակը և ատամների արանքից նետում. «Վախենում եմ, այո´, որ հետո գլխիդ հարկ կլինի ոսկե թագ դնել»:
Եվ հետո, եթե նա հարցնում է (նենգորեն տրված հարց), եթե հարցնում է. «Ուզո՞ւմ ես հոգսի տակ ընկնել»,- մի´ ասա. «Ուզում եմ»: Կամ նա կասի. «Է´յ, հոգսի տակ կընկնես», իսկ դու՝ հապա փորձի´ր: Նա հետո կասի, որ դու ինքդ խնդրեցիր, դե ինքն էլ փորձեց:
Ասում են` զայրույթի պահին պետք է լեզուն կծել: Այնքան էլ պրակտիկ միջոց չէ: Դու ուզում ես նրան փշրել, վերացնել երկրի երեսից, այնինչ դրա փոխարեն, ինչպես հիմար, սեփական լեզո՞ւդ պիտի ծամես:
Բայց մի ուրիշ միջոց էլ կա. մինչև նրան առաջին անգամ մորթելը, ասա այսպիսի մի լատինական ասացվածք՝ concordia parvae res crescunt, discordia maximae dilabuntur: Կարելի է նաև մեր լեզվով ասել. «Համաձայնությունը կառուցում է, անհամաձայնությունը՝ ավիրում»: (Երեխաներն ասում են, որ լատիներենով այս առածը ավելի լավ է գործում): Ճիշտ է, բողոքում են, որ չափից ավելի երկար է, և կարելի է չհասցնել: Բայց կարելի է ուղղակի օրը երեք անգամ ուտելուց հետո կրկնել այն՝ որպես քաղցրավենիք: Փակել աչքերը և դանդաղ կամ արագ ասել՝ concordia res parvae crescunt:
Հինգերորդ միջոցը ամենակարևորն է. ուժեղ կամք: Քաշել ես սանձը, ինքը քեզ տանում է, իսկ դու չես ուզում՝ անկոտրում կամք ես դրսևորում, ինչպես սպարտացի: Ոչ աքաղաղ ես, ոչ էլ շնիկ, այլ մրրիկ: Բայց միանգամից մի´ հարձակվիր, թե չէ կբորբոքվես ու` պարտություն: Ո´չ, դու ձգտում ես նպատակիդ, հաշվում ես կռիվներդ, քայլ առ քայլ գնում ես դեպի շտկում՝ դեպի հաղթանակ:
Հետո ի՞նչ: Մարդն առանց կամքի պիժոն է, փոքրիկ բմբուլ, խամաճիկ (կցատկոտի, եթե քաշես պարանից): Մարդն առանց կամքի եղեգ է, փոշեհատիկ, կոշիկ, գլխարկ, լալկան, փչած պղպղջակ: Առանց ուժեղ կամքի նա ի՞նչ է: Բարակ տաշեղ, թել, օղացանց, կծու պաստեղ, թխվածք: Ֆուո՜ւ: Առանց կամքի գլխանոց է, կտոր, շուլալ, չամչահատիկ, երկուս, շողք, պիծակ:
Մարդն առանց ուժեղ կամքի ամենա-ամենա վեցնոցն է, մնացուկ, փոշեհատիկ, մարինացված սունկ, անտառային թռչուն, մռութը շիմշատի մեջ խրած խոճկոր, մարդն առանց կամքի փոշու շոր է, այտուց է, մետաքսե գուլպայի հանգույց, հորթի մսի սառեցրած դոնդող:
Ես գիտեմ՝դու դյուրաբորբոք ես: Ես ոչ մի խրատ էլ չեմ տալիս, չեմ սիրում մտնել ուրիշի հոգին: Դրանք ձեր ներքին խճճված գործերն են: Ես գիտեմ. կարճ ընդհատումները, դինամիտը, հանգեցնում են կռվի պայթյունի: Դուք ձեր գործերը բոլորից լավ գիտեք: Հաճախ, համենայն դեպս, հնարավոր չի լինում խուսափել կռիվներից: Բայց որ օրվա մեջ երեք անգամ բախվե՞ք, երեք որո՞տ, երեք դինամի՞տ: Դա արդեն չափից շատ է:
Ես գիտեմ` մեծերի համար ավելի հեշտ է: Նրանք ունեն դատարաններ` քաղաքացիական, շրջանային, պատվի, առևտրային, ծովային, զինվորական, կարգապահական և նույնիսկ շատ հազվադեպ՝ մենամարտերի:
Դրա համար էլ ես չեմ արգելում պատանիներին, եթե ուժերը հավասար են կամ, եթե ավելի ուժեղը չափավորում է իր հարվածը, իսկ ավելի թույլը չի իրագործում արգելված բռնելաձևեր: Եվ չի կարելի հրահրել. «Մի´ հանձնվիր, վախկո´տ, խփի´ր դրան, բռնի´ր դրան, ինչպես շանը»: Չի կարելի ուրախանալ և ծաղրել:
Երեխաները բացականչում են. «Տեսե˜ք, նրանք քաշքշում են իրար»: Ես միանգամից գալիս եմ և նայում, բայց չեմ խառնվում: Ինչու՞: Եթե մեկի ձեռքից բռնեմ, մյուսը կօգտվի դրանից և ոտքերով կհարվածի նրան, այդ դեպքում առաջինը ավելի շատ կբորբոքվի: Իսկ հետո ինչ՞: Ես նրանց «ոչ մասնագիտորեն» կբաժանեմ, իսկ նրանք հետո կվերջացնեն կռիվը մեկ այլ վայրում: Կամ էլ կվախենան, որ ես կընդհատեմ, և չեն հասցնի ավարտել, բայց շտապելու ընթացքում «գործը» կփչացնեն: Եվ իդեալական բյուրեղացված կռվի փոխարեն մենք կստանանք դեֆորմացված, աղավաղված, հակաբնական կտորտանք, հատված, կրծուկ:
Կռվում նորեկի համար ամենավախենալին է. չգիտի, չի կանխատեսում, չի կարողանում, միանգամից բռունցքով հարված է ստանում քթին: Լինում են շատ արնահոսող քթեր, փորձառու կռվարարը գիտի այդ մասին և զգուշության համար այդպիսի հարվածներից խուսափում է, իսկ նորեկը թակարդն է ընկնում: Մեծերը միանգամից ասում են. «Արյո~ւն, ավազա´կ »: Իսկ նա իրականում ավազակ չէ, ամբողջ խնդիրն ուղղակի վերոնշյալ քթերի հատկությունների մեջ է:
Ես գիտեմ` չի կարելի բռնել կոկորդից, հարվածել փորին, պտտել գլուխը, կոտրել մատները (կռվի երկրորդ փուլում ): Չի կարելի պատառոտել շորերը: Շորերը, աթոռները, սարքավորումները ընդամենը չեզոք դիտորդներ են: Բայց ճիշտ կռիվը` սկզբունքների պահպանմամբ, տեխնիկական, խորացված, կռիվը որպես այդպիսին, արժանի է հարգանքի, ուսումնասիրման և հետաքրքրության: Եվ հենց դրա համար էլ հարգանքից ելնելով` ոչ այդքան հաճախ, պետք չէ սովորական երևույթ դարձնել և գռեհկացնել: Երբեմն, բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ փախչել, ինչ-որ մի դատարկ բանի պատճառով:
Հենց դրա համար էլ ես մտածել եմ հինգ եղանակ: Եվ հենց ուժեղ կամքի դեպքում էլ արգելակում ես: Այո´, կամքը առյուծի ճանկ է, արծվի փետուր, բազեի թև, բայց բռունցք չէ կամքը:

Ուշադրություն
Ես կռվի կողմնակից չեմ: Բայց որպես դաստիարակ` պարտավոր եմ դրանք իմանալ: Գիտեմ: Չեմ դատապարտում: Հաշտվել եմ դրանց հետ: Ես կարող եմ այս թեմայի շուրջ ամբողջ մի ժամ, երկու ժամ խոսել: Սա արդիական թեմա է: Իսկ ի՞նչ, միայն արգելե՞լ և ուրիշ ոչի՞նչ: