Խաղի Հոգեբանական առանձնահատկությունները և դրանց նախադրյալները

Նախաշավիղ 2002 թվական (1-ին համար ) 25-28 էջ

Խաղը երեխայի մտավոր զարգացման առաջնահերթ միջոցներից է: Այն երե­խային մղում է անցնելու զարգացման մի աստիճանից մյուսը,այսինքն ՝ նորածնի զգայական ընկալումներից դեպի նախադպրոցականի մինչգործնական և ապա տարրական դպրոցի երեխային ՝ հատուկ գործնական մտածողության: Խաղը նպաստում է ճանաչողական ունակությունների զարգացմանը: Այն միաժամանակ ֆիզիկական, զգացմունքային և սոցիալական որակների ձևավորման կարևորա­գույն գործոն է:Խաղն իրենից ներկայացնում է իրական գործու­նեություն: Երևակայականն այն իրադրությունն է, որն ստեղծվում է խաղի ժամա­նակ (նստած են վագոնի մեջ, բայց վագոն չկա):Խաղի կարևոր նշանակությունն այն է, որ երեխան հանդես է գալիս ա յլ մարդու դերակատարմանբ, և աշխարհին նայում կարծես թե մեծահասակի տեսանկյունից: Երեխան իր շրջապատի երևույթները տեղափոխում է խաղային իրավիճակ: Նա, այնուամենայնիվ, հայելային ձևով չի վերարտադրում, այլ ներմուծում է ինքնուրույն տարրեր, այսինքն ՝ ստեղծագործում է, երևակայում:

Նման իրավիճակներում երեխաների մեջ ձեւավորվում է ինքնուրույնություն դրսեւորելու լայն հնարավորություն: Պայմաններ են ստեղծվում, որ նրանք իրենց զգան ավելի հասուն:

Շրջապատի նկատմամբ իր կոնկրետ պարտականությունները երեխան հար­մարեցնում է ստանձնած դերակատարման հերոսի պարտականություններին: Օրի­նակ, գնորդի դեր ստանձնած երեխան երբեք վաճառակետից չի հեռանա ՝ առանց դրամ մուծելու: Հենց այդ պարտականությունները կատարելիս է, որ նա խաղընկեր­ների վրա ազդելու իրավունք է նվաճում: Խաղի մեջ են առաջին անգամ ձևավորվում երեխաների՝ դեռևս չգիտակցված նախնական պարտականություններն ու իրա­վունքները:

Կարևոր է,որ մանկական խաղերի մեծամասնությունը ներկայացվի ուրախ, աշխույժ բովան­դակությամբ և դրանք բոլորն էլ ավարտվեն լավատեսորեն :

Խաղի ժամանակ գլխավոր դերը կատարում է երեխան: Տիկնիկը հարկավոր է, որ նա իրեն ավելի լավ զգա մոր դերում: Այս խաղերում երեխան ինքը չի գործում, այլ ստիպում է, որ գործեն խաղալիքները: Դա նրանից պահանջում է իր վար­քագիծը կանոնավորելու ունակություն, գործողությունների և խոսքի կշռադատում:Խաղի հիմնական հոգեբանական հատկություններից մեկն այն է, որ շո­շափվում են երեխայի անձնավորության բոլոր որակները, նրա մեջ աշխուժորեն աշխատում է միտքը, հարստանում են հույզերը, պահանջվում են հատուկ գործու­նեություն եւ կամային ջանքեր:

Երեխային խաղի է դրդում ընդօրինակման հակումը: Իսկ սյուժեն նրանք ընտրում են իրական կյանքից, մարդկային փոխհարաբերություններից: Եվ որքան իրականության ոլորտը լայն է, այնքան երեխաների խաղի սյուժեն դառնում է բազմաբովանդակ:

Երեխան իմանալով հանդերձ, որ դա խաղ է և ոչ իրականություն, խաղում է շատ նվիրված և անկեղծ:

Ստեղծագործական խաղերի առավել արդյունավետ ղեկավարման կարեւո­րագույն պայմաններից են’ երեխաների կողմից վստահության նվաճումը և սերտ շփումների ապահովումը: Խաղային իր դերի միջոցով դաստիարակը ներազդում է խաղի բովանդակության զարգացմանը, օգ­նում բոլոր, հատկապես ամաչկոտ, անվստահ երեխաներին՝ խաղի մեջ ընդգրկվելու, իրենց ուժերի նկատմամբ հավատ և վստահություն ներշնչում: Միևնույն ժամանակ դաստիարակի մասնակցությունը խաղին թույլ է տալիս որոշակիորեն զսպել չափից դուրս եռանդուն, ուրիշներին ճնշող, միշտ իրենց ցանկությունները պարտադրող երեխաներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *