Ապրիլ ամսվա հաշվետվություն

Տեխնոլոգիա

Բացիկ-նվեր 

Շուտով մայրիկատոն է։ Այսօր սաների հետ պատրաստեցինք այլընտրանքային գարնանային բացիկներ։ Քոլեջի բակում աճում են տարբեր դաշտային ծաղիկներ։ Նախապես զրուցեցին սաների հետ, բացատրեցինք ծաղիկի քաղման տեխնիկան։ Թե ինչպես պոկել ծաղիկը, որ արմատը մնա հողի մեջ։

Ապա ստվարաթղթի վրա նկարեցինք ծաղկաման, փոքր անցքեր բացեցինք, և այդ անցքերը լցրեցինք ծաղիկներով։

Ինքնաշեն խաղ՝ Ալիսա գլորիկ։

Սաների հետ ամենօրյա բակային խաղերը օրվա ամենահավես ու զվարճալի մասն են կազմում։

Այսօր մեր սիրելի հեքիաթներից մեկի՝ «Ալիսա գլորիկի» հերոսուհին դարձել էր փուչիկ ու գլորվում փախչում էր մեզնից։

Խաղի համար օգտագործեցնք գունավոր թելեր, թղթից պատրաստված օղակ, տոպրակ և փուչիկ։

Փուչիկը գցում էինք վերև, ու փորձում այն բռնել թելերի ու օղակի օգնությամբ։

Նկար-խատուտիկներով։

Քոլեջի ամենահավես անկյունը բակն է։ Այստեղ սաները հայտնվում են բնության մի փոքրիկ անկյունում, որտեղ ծառերը, կանաչ խոտն ու ծաղիկները ամենուր են։ Այս ծաղիկների մեջ յուրահատուկ է խատուտիկը։ Երբ փչում ես ու հետևում, թե ուր կթռնեն, կփախչեն դրա փոքրիկ փետուրները։

Դե իսկ այսօր վերցրեցինք գունավոր թղթերի վրա նախապես պատրաստված կպչուն ժապավենով ծաղիկները, ու սկսեցին խատուտիկաորս։

Հեքիաթի հերոսները ծեփամածիկից

Այսօր Ալբերտոն որոշեց պատմել «Շաղգամը» հեքիաթը։ Պատմեց մի մասը այնպես, ինչպես հիշում էր, մի մասը հորինելով, ինքը իրեն ուղղելով։ Բոլորս մեծ հետաքրքրությամբ լսում էինք, շատ զվարճալի ստացվեց։ Մենք էլ որոշեցինք ծեփամածիկից պատրաստել « Շաղգամը » հեքիաթի հերոսներին։

Մարզական խաղեր

Ինքնագլորների շքերթ 

Քոլեջի բակում գարնանային արևոտ եղանակ է։ Ամենօրյա ինքնագլոր վարելը դարձել է մեր սիրելի խաղերից մեկը։ Սաների մի մասը գլորվում է կանաչ խոտերի մեջ, մի քանիսը վազում են իրար ետևից, մի մասը ծափահարում է, ու ոգևորում ինքնագլոր վարողներին։

Փուչիկախաղ-մարզանք։

Յուրաքանչյուր փոքրիկ սիրում է խաղալ գունավոր փուչիկներով։ Այսօր միասին փչեցինք, կապեցինք գունավոր փուչիկները թելից, ու սկսեցինք խաղը։

Այս խաղ-մարզանքը, ոչ միայն շատ հետաքրքիր էր ու զվարճալի, այլ նաև մարզական։

Մարզական խաղ։

Սաները շատ են սիրում խաղալ մարզական խաղեր: Մարզական խաղերի օգնությամբ մարզում և կոփում են իրենց մարմինը։ Դե քանի որ այս անգամ խաղը ավելի ակտիվ էր և կար իրենց սիրելի ակտիվության ձևերից մեկը ՝ թռիչքը, սաները խաղը հավանեցին։

Բնագիտական փորձեր։

Քոլեջը խոշորացույցի տակ 

Սաները շատ են սիրում Քոլեջի բակում խաղալ, փնտրել տարբեր միջատներ, գտնել խխունջներ։ Խոտերը, խճաքարերը, հողը ամենը հետաքրքիր է նրանց համար։

Այսօր մեր փոքրիկ բնագետիկները զինվեցին իրենց խոշորացույցներով, ու սկսվեց ուսումնասիրությունը։

Ուսումնասիրում ենք կենդանիներին։

Այսօր սաների հետ եղանք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիայում։ Տիկին Շողիկը պատմեց, թե ինչպես ճիշտ խնամել կենդանիներին, ինչ են ուտում այդտեղ բնակվող մեր տարբեր կենդանիները։ Կերակրեցինք ծովախոզուկներին, նապաստակին։ Հետո էլ ծանոթացանք ցամաքային կրիայի հետ։

Այլընտրանքային նկարչություն 

Ինքնաշեն շրխաններ

Սեբաստացի լինել նշանակում է երևակայել, ստեղծագործել, բացահայտել, փնտրել։

Ինքնաշեն խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ ստանում ենք ամենատարբեր իրերից։

Անգամ հասարակ գդալն ու կաթսան հայտնվելով սեբաստացու ձեռքի տակ, դառնում են յուրահատուկ երաժշտական գործիքներ։

Սաների հետ այս ընթացքում պատրաստել ենք ամենատարբեր շրխկաններ։ Խոհանոցային պարագաներից, բրնձից, ընկույզներից, ծիրանի կորիզներից, հյութերի շշերից։

Այս անգամ շրխաններ ստացանք ապակյա տարաների մետաղյա կափարիչներից։

Որպեսզի դրանք ավելի գրավիչ դառնան միասին ներկեցինք ամենատարբեր գույներով։

Քոլեջի բակում հայտնվեց ինքնաշեն երաժշտական անկյուն, որը ամեն քամու խաղի հետ զրնգում է ու երգում։

Նկարում ենք կիսատ պատկերներ 

Այսօր սաների հետ զբաղվեցինք նկարչությամբ։ Նրանց առաջադրանքն էր կիսատ թողած պատկերները ՝ տուն, ծաղիկ, մրգեր և այլն, լրացնել այնպես, ինչպես պատկերացնում են։

Ամսվա ընթացքում կատարել ենք նաև մի շարք հետաքրքիր նախագծեր, գործունեություններ։

Աղայանական առավոտ։

Այս ամիս մեր շատ սիրելի Աղայան պապիկի ծննդյան օրն էր։

Քոլեջ պարտեզի բակում հավաքեվեցինք 2-5 տարեկանները, դաստիարակներն ու ընկերները։ Միասին շնորհավորեցինք մեր սիրելի մանկագրին՝ մեզ համար գրած բանաստեղծություններով, շուտասելուկներով։

Ամփոփեցինք նաև «Ձոն» նախագիծը։

Ծառատունկ-նվեր մայրիկին։

«Ձոն» նախագծի շրջանակներում, այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջի նախակրթարանի սաները մեկնարկեցին ծառատունկը։

Վաղ առավոտից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի և Արևելյան դպրոցի ճանապարհի այգին սկսեց համալրվել տնկիներով։

Այսպիսի նվեր, որը երբեք չի հնանա, չի թոռոմի, երբեք չի մոռացվի, պատկերացնել անգամ չէինք կարող։

Միասին տնկեցին 20 պտղատու ծառի տնկի։

Յուրաքանչյուր ծառի համար ստեղծվեց անձնագիր, որում նշվում էր սանի անուն- ազգանուն, ծառատեսակ, ամսաթիվ։

Ծառատունկը շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում։

Անգամ հանգստյան օրերին մեր սաները ընտանիքի անդամների հետ մոտենում և տնկում էին իրենց ծառը։

Մեզ միացավ նաև կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։

Ինչ հոտ ունի մայրիկը։

Յուրաքանչյուրի համար ամենաանուշ, ամենաքաղցր հոտը մայրիկի հոտն է։ Ամեն մեկի մոտ այդ հոտը ասոցացվում է որևէ մի բանի հետ։ Մեկի համար մայրիկը բուրում է մանկության քաղցր թխվածքաբլիթի նման, մյուսի համար շոկոլադի, մեկ ուրիշի համար տնական մի ուտեստի, իսկ մեր սաները ունեն իրենց տեսակետը այդ հարցում։

Ընթերցում ենք բակում։

Սաների հետ շատ հաճախ կարդում ենք հեքիաթներ, պատմում ենք մեր սիրելի հեքիաթները։ Նրանց սիրելի զբաղմունքն է թերթել գրքի էջերը ՝ պատկերացնելով, որ կարդում են։ Արևը արդեն ավելի հաճախ է մեզ ժպտում, օրվա մեծ մասը անց ենք կացնում քոլեջ-պարտեզի բակում։ Այս անգամ էլ վերցրեցինք սիրելի հեքիաթների գրքերը, և շտապեցինք դեպի բակ ՝ «ընթերցելու» սիրելի հեքիաթները։

Դաստիարակի օրագիր