Չափորոշիչներ (ներածություն)

Վերլուծություն

Նախաբան

Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ«Ծննդից մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական չափորոշիչների» (2011թ.) վերանայված տարբերակը, որի նպատակն է օգնել ընտանիքներին իրենց երեխաների կրթադաստիարակչական հարցերում, ինչպես նաեւ աջակցել ՀՀ նախադպրոցական կրթության մասնագիտական համայնքին’ 0-6 տարեկան երեխաների համար բարձրորակ ծրագրեր եւ ծառայություններ մատուցելու մանկապարտեզներում, այլընտրանքային ծառայություններում եւ տարբեր զարգացման կենտրոններում:Նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե ծնողներին,թե վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին նախադպրոցական տարիքի երեխաների աճի,զարգացման եւ կրթության համար ողջամիտ եւ հիմնավոր ակնկալիքներ ունենալ, որոնք հիմնված կլինեն ավելի վավեր եւ հուսալի չափորոշիչների վրա:Բոլոր շահագրգիռ կողմերը չափազանց մտահոգված էին վաղ տարիքի երեխաների կողմից տեխնոլոգիաների անվերահսկելի օգտագործմամբ (հատկապես ընտանիքներում), եւ առաջարկություններ եղան չափորոշիչների միջոցով կարգավորել այդ խնդիրը:Մասնագիտական մանրակրկիտ քննարկումների արդյունքում փատաթղթում տեղ գտավ Տեխնոլոգիաներ ենթաոլորտը (Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտում), որն ուղղորդում է մեծահասակներին լրջագույնս վերահսկելու եւ ուշադրություն դարձնելու, թե որ տարիքից, երբ, ինչպես եւ ինչ չափով կարելի է երեխաներին թույլատրել դրանց օգտագործումը:Բացի հիմնական աշխատանքային խմբից, վերանայման գործընթացին մասնակցել են հոգեբաններ, սոցիոլոգներ,առողջապահության մասնագետներ, գործող նախադպրոցական հաստատությունների մասնագետներ, բուհերի մանկավարժներ,այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների մասնագետներ, քաղաքականության մշակման խնդիրներով զբաղվող պատասխանատուներ, վերապատրաստող փորձագետներ:

Ներածություն

Ծննդից մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա եւ ինչ պետք է կարողանա անել երեխան որոշակի տարիքում:Չաւիորոշիչները ներկայացնում են ընդհանուր նպատակներ վաղ մանկության տարիների զարգացման եւ կրթության համար եւ ուղղորդում են բոլոր մեծահասակներին ճիշտ եւ արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ’ անկախ այն բանից, թե 1) երեխաները հաճախում են մանկապարտեզ, խնամքի կամ զարգացման ու կրթության որեւէ հաստատություն, թե հիմնականում մեծանում են տանը, 2)նրանք իրենց տարիքին բնորոշ զարգացող, թե տարբեր կարողություններ եւ կարիքներ ունեցող երեխաներ են, 3) երեխաները վաղ տարիքից սովորում են խոսել մեկ լեզվով, թե մի քանի լեզուներով եւ այլն:

Չափորոշիչները գործիք են այն մեծահասակների համար, ովքեր պատասխանատու են այս նպատակները հասկանալու եւ բոլոր երեխաների առաջընթացն ապահովող հնարավորություններ ստեղծելու եւ փորձառություններ ապահովելու համար:

Վաղ մանկությունը երեխայի աճի, զարգացման եւ սովորելու բացառիկ ժամանակաշրջանն է: Կարեւոր է նկատի ունենալ, որ որոշ երեխաներ կարող են չափորոշիչներով սահմանված ակնկալիքներից շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենալ, մինչդեռ որոշ երեխաներ էլ հնարավոր է, որ ամբողջապես չտիրապետեն այս փաստաթղթում նշված գիտելիքներին եւ հմտություններին: Այս իմաստով շատ կարեւոր է, որ երեխաների տվյալ տարիքին համապատասխան զարգացման եւ ուսումնառության հետ կապված ակնկալիքների մասին մտածելիս մենք ուշադրություն դարձնենք նաեւ նրանց անհատական առանձնահատկություններին: Երեխաները տարբեր են լինում’ կախված իրենց բնածին հատկություններից, ունեցած փորձից, ունակություններից, առողջական վիճակից եւ սովորելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հետեւաբար նրանց զարգացումը տարբեր տեմպերով է ընթանում:

Մեծահասակները պետք է իմանան, որ երեխայի զարգացումը տեղի է ունենում հաջորդական փուլերով եւ կախված է նրա ունեցած փորձառությունից, ընտանեկան մշակույթից ու անհատականությունից:

Մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչները մշակվել են’ առաջնորդվելով երեխայի զարգացման վերաբերյալ կառուցողական սկզբունքներով:Ըստ այդ սկզբունքների’ երեխաները լավ են զարգանում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական, մտավոր եւ հոգեբանական կարիքները, որտեղ նրանք պաշտպանված են զգում, արժեւորվում են որպես անհատներ եւ ակտիվորեն ներգրավվում են նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված բազմաբնույթ աշխատանքներում: Նրանք իրենց գիտելիքները եւ արժեքային համակարգը կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասկաների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական ու հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով:

Չափորոշիչները դասակարգված են ըստ
զարգացման հետեւյալ ոլորտների.

  1. Շարժողական զարգացում
  2. Խոսք եւ հաղորդակցում
  3. Իմացական զարգացում
  4. Սոցիալական, հուզական եւ անձնային
    զարգացում
  5. Ինքնասպասարկում, առողջության
    պահպանում եւ անվտանգություն
  6. Սովորելու նկատմամբ վերաբերմունք

կարեւոր է ընդգծել, որ
չափորոշիչները նախատեսված չեն

• որոշելու համար, թե արդյոք երեխան «պատրաստ է» մանկապարտեզ կամ դպրոց գնալու, թե’ ոչ,

• օգտագործվելու որպես գործիք’ երեխաների ախտորոշման կամ պիտակավորման նպատակով,

• պատճառ հանդիսանալու, որ երեխաները զրկվեն նոր ծրագրերի կամ փորձառությունների մասնակցելուց,

• մի երեխային մյուսի հետ համեմատելու համար,

• երեխայի զարգացման մակարդակը գնահատելու համար,

• որպես ուսումնական ծրագիր օգտագործելու համար (թեեւ ուսուցիչները կարող են այս նյութերն օգտագործել ուսումնական պարապմունքներ պլանավորելու համար):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *