«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
  2. Կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության (պետական գրանցման վկայական` N003153, սերիա` 01 Ա, տրված` 19.10.1994թ., ծածկագիր` 01804186) իրավահաջորդն է: Կրթահամալիր պետական ձեռնարկության գույքը պատկանում է կրթահամալիրին սեփականության իրավունքով: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր գույքով: Կրթահամալիրն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  3. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` հիմնադիր): Լիազորված պետական մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):
  4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
  5. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆի 57:
  6. Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ:

Կրթահամալիրի անվանումն է`
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն», կրճատ անվանումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հապավումը` ՄՍԿՀ:

  1. Կրթահամալիրն ունի էլեկտրոնային կայք` www.mskh.am (այսուհետ` mskh.am), որը գործում է որպես կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է կրթական ծրագրերի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  2. Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ:
  3. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար կրթահամալիրը կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից` օրենքով սահմանված կարգով:
  4. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  5. Կրթահամալիրում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

  1. Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
  • ՀՀ կառավարության 10.05.1990թ. N216 որոշմամբ հաստատված` ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
  • երեխաների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
  • Կրթահամալիրի նպատակներից բխում են կրթահամալիրի` ՀՀ օրենսդրությանը չհակասող հետևյալ խնդիրները`
  • անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում.
  • նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության հաստատությունների հնարավորությունների համախմբում` ընդհանուր, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) և լրացուցիչ կրթության ինտեգրացումը ապահովելու նպատակով.
  • դպրոց-համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով.
  • մանկապարտեզի, դպրոց-մանկապարտեզի ու կրտսեր դպրոցի համար կրթահամալիրի մանկավարժությունը յուրացրած ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում.
  • այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում ու ներդրում.
  • սահմանված կարգով կրթական, տրամաբանական խաղերի հավաքում, դասակարգում ու տարածում, կրթահամալիրի մանկավարժությանն անհրաժեշտ նոր խաղերի, խաղալիքների, ուսումնական գույքի և պիտույքների մշակում, հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական այլընտրանքային ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, ուսուցման նոր մեթոդների փորձարկում.
  • հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ:
  1. Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
  2. Կրթահամալիրի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
  3. Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:

Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

  • նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
  • նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
  • մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.
  • կադրերի վերապատրաստում , վերաորակավորում և որակավորման բարձրացում.
  • ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
  • գրահրատարակչական գործունեության իրականացում.
  • կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ.
  • կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
  • ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
  • ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
  • լրացուցիչ հանրակրթական ծրագրերի և կրթական ծառայությունների իրականացում.
  • արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
  • համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
  • սովորողների և ուսուցիչների սննդի կազմակերպում.
  • ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կրթահամալիրը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կրթահամալիրը նախադպրոցական, հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` մասնաճյուղ) փորձարարական-հետազոտական միավորում է:

Մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
Մասնաճյուղը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
Կրթահամալիրի մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի, մասնաճյուղի կանոնադրություններով: Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի գործադիր տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտերի հիման վրա յուրաքանչյուր ուստարվա համար մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ ուսումնական շինություն (տարածքներ) և այլ գույք: Մասնաճյուղի զարգացման ծրագրերը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի մասնաճյուղերն են՝
ա) Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-4 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Արևելյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Հյուսիսային դպրոց-պարտեզ (նախկինում՝ գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց), Հարավային դպրոց-պարտեզ (նախկինում՝ Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց), տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց (նախկինում՝ Արհեստագործական դպրոց), Ավագ դպրոց (նախկինում՝ Վարժարան) հանրակրթական ուսումնական հաստատությունները.
բ) քոլեջ (նախկինում՝ մանկավարժական ուսումնարան) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը.
գ) գեղարվեստի դպրոց, երաժշտության դպրոց, պարի ու թատրոնի դպրոց, մարզադպրոց, շախմատի դպրոց, բնագետի դպրոց, բնասեր-բնապահպանի դպրոց, բնության գրկում դպրոց լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոնները:

  1. Կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կառավարման խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կրթահամալիրն ստեղծում է կենտրոններ, ծառայություններ, ուսումնա-արտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, կրթական փոխանակումների կենտրոն` իր կացարաններով, մանկավարժության կենտրոն, գրադարան, լրացուցիչ կրթության կենտրոններ, որոնց աշխատակարգերը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը:
  2. Կրթահամալիրի ավագ դպրոցում, նախասիրության դպրոցներում կարող են սովորել ինչպես կրթահամալիրի հանրակրթական դպրոցների, այնպես էլ այլ հանրակրթական դպրոցների համապատասխան դասարանների աշակերտները: Կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրը կարող է ունենալ գիշերօթիկ պայմաններ (հանրակացարան ու հյուրատուն):
  3. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների մանկապարտեզային խմբերը բազային են կրթահամալիրի քոլեջի ուսանողների համար. սովորողները, նրանց դասախոսները ուսումնական պլանով և աշխատակարգերով նախատեսված մեթոդական-հետազոտական աշխատանքներ են կատարում, ուսանողները` ուսումնական փորձառությունն են անցկացնում:
  4. Կրթահամալիրի նախասիրության դպրոցների հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների և քոլեջի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին:
  5. Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է: Նախարարության սահմանած կարգով ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  6. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական — հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները` մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր):
  7. Մասնախմբերը ղեկավարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները: Մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը: Մասնաժողովը սահմանված կարգով կրթահամալիրի խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի կրթական հայեցակարգը: Կրթահամալիրի մասնաժողովի աշխատանքները ղեկավարում է կրթահամալիրի գործադիր տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը: Մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին ու մասնաժողովի կազմը, մասնախմբերի ու մասնաժողովի աշխատակարգը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
  8. Կրթահամալիրի աշակերտների բուժսպասարկումն իրականացնում են կրթահամալիրի բուժծառայությունը և առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը կառավարման մարմինների հետ համատեղ պատասխանատու է բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:
  9. Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *